«Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Արխիվ -- Նիկա Գվարամիա, 18-ը հուլիսի, 2019թ․

Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով», նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել մոտ 13 հազար ամերիկյան դոլարի չափով գրավը:

Մեղքը ապացուցվելու դեպքում վրացական իշխանությունների կոշտ ընդդիմախոսը համարվող Նիկա Գվարամիային սպառնում է խոշոր տուգանք, մինչև 2 տարվա ուղղիչ աշխատանք, մինչև երկու տարվա տնային կայանք կամ 3-5 տարվա ազատազրկում։

Գվարամիայի նկատմամբ քրեական հետապնդումը հաջորդում է «Ռուսթավի-2»-ի ղեկավարի պաշտոնից նրա հեռացմանը:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած ընդդիմադիր ուժին հարող հեռուստաընկերությունը այժմ նոր ղեկավար կազմ ունի: Պաշտոնանկությունից հետո Գվարամիան հայտարարել է նոր լրատվամիջոց հիմնելու մտադրության մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած ամիս վճռել էր, որ Վրաստանում մեծ ժողովրդականություն վայելող հեռուստաընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է գործարար Կիբար Խալվաշիին, ով ենթադրաբար կապեր ունի իշխանությունների հետ։ Նա հեռուստաընկերության սեփականատերն էր 2004-2006 թվականներին: