Անկախ դիտորդների տվյալներով Մոսկվայում օգոստոսի 10-ին անցկացված հանրահավաքին մինչև 60000 մարդ է մասնակցել։ Ոստիկանությունը, մինչդեռ, պնդում է, որ ցուցարարների թիվը չի անցել 20,000-ից։
2011թ․-ից ի վեր Մոսկվայում անցկացվող այս ամենաբազմամարդ հանրահավաքով ընդդիմադիրները պահանջում էին թույլ տալ անկախ թեկնածուներին մասնակցել Մոսկվայի դումայի առաջիկա ընտրություններին։ Հանրահավաքը պաշտոնապես արտոնված էր քաղաքային իշխանությունների կողմից, սակայն հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին նաև քաղաքի այլ հատվածներում, նրանցից շատերը՝ Ռուսաստանի նախագահի նստավայրի մոտ, ինչին հակազդելով՝ ոստիկանները բերման են ենթարկել 256 քաղաքացու։
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։
Օգոստոսի 10-ին ոստիկանությունը նաև 79 քաղաքացու բերման է ենթարկել Սանկտ Պետերբուրգում, 13-ին՝ Դոնի Ռոստովում, 2 հոգու՝ Բրյանսկում, ևս 2-ին՝ Սիկտիվկարում, որտեղ, ի նշան մոսկովյան հանրահավաքի հետ համերաշխության, նույնպես հանրահավաքներ են անցկացվել։
Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։