Վարչապետը ներկա էր Մարալիկի բամբակամանվածքային գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցեց Մարալիկի բամբակամանվածքային գործարանի բացմանը:

Վարչապետը շրջեց գործարանի բոլոր արտադրամասերում, որտեղ ներկայացվում էր, թե ինչ տեխնոլոգիայով և սարքավորումներով է թողարկվելու արտադրանքը: Զրուցեց նաև աշխատակիցների հետ, լուսանկարվեց վերջիններիս հետ, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Գործարանը շվեցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ներդրմամբ է կառուցվել: Վերջինս ևս մասնակցում էր գործարանի բացմանը: Սերմաքեշը ֆինանսավորում է, բայց տեղում գործարանը «Գևորգ և Վահան» ՍՊԸ-ն է փաստացի տնօրինում՝ Սերմաքեշի հետ լինելով համասեփականատեր: Գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանն ասաց, թե Մարալիկի նախկին բամբակամանվածքային ֆաբրիկայի բազայի վրա վերակառուցված գործարանը նախկինի 10 տոկոսի չափով են կարողացել վերագործարկել:

«Տարածքի մենք ամբողջ 4-5 տոկոսն ենք օգտագործել, բայց արտադրանքի ծավալը հավասար է Սովետական Միությունում արտադրված ամբողջ մանվածքի չափին, այսինքն՝ տեխնոլոգիաներ են փոխվել։ Հիմա եթե մենք գործարանը ամբողջ հունով աշխատենք, ինքը իրա շուրջ կհամախմբի շատ ավելի փոքր գործարարների, որոնք կսկսեն աշխատել, հսկայական աշխատատեղ կապահովեն», - նշեց Գասպարյանը։

Գործարանը երեք հերթով է աշխատելու, արտադրված թելի սպառողը «Տավուշ տեքստիլ»-ն է, որը ձեռնոցներ է արտադրում:

Թե որքան աշխատատեղ է բացվելու, Գասպարյանը պատասխանեց. «Եթե երեք հերթով աշխատենք, 150 հոգի»։

Ընկերությունը անցած տարի փորձել է Մասիսում փորձնական բամբակ աճեցնել, որ հումքը չներկրեն, սակայն չի հաջողվել: Հիմա ներկրում են Թուրքմենստանից: Ամսական 380 հազար տոննա թել է արտադրվելու, հետագայում գործարանը նաև իր արտադրանքը կթողարկի:

Շվեցարահայ գործարար Վարդան Սերմաքեշը հանդիսանում է Գյումրիի «Սաստեքս» ընկերության համասեփականատերը: Հիշեցնենք՝ գործարանի աշխատակիցները գործարանը բացելուց 6 ամիս անց սկսեցի բողոքել անմարդկային պայմաններից և դժգոհել ցածր աշխատավարձից: Վարդան Սերմաքեշը ծանոթ էր խնդրին, ասում է՝ լրատվամիջոցներով այլ բան է լսում, Քրիստիան Գելեջիից՝ այլ բան: Հավելեց, որ անձամբ եղել է գործարանում:

«Ազատության» հարցին, որ աշխատանքից ազատվողներ եղան, հիմա աշխատում են այն մարդիկ, ովքեր, այսպես ասած, ենթարկվում են տնօրինության կարգուկանոնին, ի՞նչ է անելու, Սերմաքեշը պատասխանեց. «Ես անելիք չունեմ, ես միայն Քրիստիանին առաջ գնալու համար օգնում եմ, ինքը աշխատացնում է 800 հոգի Հայաստանի տարածքում, սա լավ բան է, ըստ ինձ, ես ուզում եմ ինքը աշխատացնի 1000 հոգի, 1200, 1500 հոգի։ Որևէ ուրիշ հարցերով ես չեմ կարող մասնագիտանալ»։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե կառավարությունը ի՞նչ է անելու, որ գործատուն պահպանի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի վճարումը, այս դեպքում՝ 55 հազար դրամը:

«Հայաստանի օրենքի պահանջները պետք է պահպանվեն յուրաքանչյուր դեպքում, չպետք է լինի որևէ կազմակերպություն, որ կարող է շրջանցել օրենքով սահմանված իր պարտավորությունները։ Կառավարությունը հետամուտ է լինելու, որ օրենքով սահմանված իրավունքները աշխատակիցները պահպանեն, դրա համար կան համապատասխան տեսչություններ։ Երբ լինում է բողոք, իրականացնում են համապատասխան քննություն, և հետևողականորեն տրվում են համապատասխան լուծումներ», - պատասխանեց Խաչատրյանը։

Տիգրան Խաչատրյանը նման ներդրումների համար նախանշեց, թե կառավարությունն ինչպիսի աջակցություն է ցուցաբերում:

«Հարկային այն արտոնություններն են, որոնք ծրագրի իրականացման մեկնարկում տրվում են, սարքավորումների ներկրման հետ ազատվում են մաքսատուրքերից, եթե կա ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություններ, պարտավորությունները հետաձգվում են երեք տարով», - ասաց Խաչատրյանը։

Գյումրիում Իսրայելի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնած լոգիստիկ կենտրոնի ծրագիրը ևս կառավարության ուշադրության կենտրոնում է: Ազատ տնտեսական գոտին գլխավոր նախապայմանն էր, և հարցը դրական լուծում է ստանում:

«Մի դեպքում դա կախված էր կառավարության որոշումներից, վերաբերում է Շիրակի մարզում ազատ տնտեսական գոտուն, հավանական է լսել եք էդ մասին, և իսրայելցի ներդրողներ են։ Մենք երկուշաբթի օրը բավական երկար քննարկում ենք ունեցել, վերջնական տեսքի բերված փաստաթղթերը ևս մեկ անգամ քննարկելով և մանրամասները ճշտելով՝ ուղարկել ենք կառավարություն, առաջիկայում կլինի այն որոշումը, որ սպասում է այդ սուբյեկտը իր հետագա ծրագրերի ընթացքն ապահովելու համար», - նշեց էկոնոմիկայի նախարարը։

Ի դեպ, Վարդան Սերմաքեշը Գյումրիում նոր ծննդատան կառուցումն է ֆինանսավորում և պատրաստ է այլ ներդրումներ անել: Շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» ժամացույցների գործարանի սեփականատեր Վարդան Սերմաքեշը պատրաստվում էր Գյումրիում դրանց արտադրության դետալների գործարան բացել, շենքն ավագանին հատկացրեց, սակայն պարզվում է՝ երկրորդ շենքն էլ է ցանկացել: Շենքի հարցը չի լուծվել դրա համար էլ ներդրումը չի արել: Եթե շենքի հարցը լուծվի, պատրաստ է իր ներդրումն անել, ասաց գործարարը: Այդ շենքն, ի դեպ, ավագանին հետ վերցրեց և «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանձնեց՝ սոցիալական բնակարաններ կառուցելու նպատակով: