Արդարադատության նախարարության ներկայացրած փոփոխությունները մի շարք օրենքներում երեկվանից քննադատության ալիք են բարձրացրել իրավաբանների շրջանում։
Մասնավորապես, քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի (ՍԴ) մասին սահմանադրական օրենքում կատարվող փոփոխությունը, ըստ որի, եթե Սահմանադրական դատարանի դատավորը այս տարվա օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնի, ապա մինչև պաշտոնավարման ժամկետը կշարունակի ստանալ իր աշխատավարձը, հավելավճարները, ինչպես նաև օգտվել տրված սոցիալական երաշխիքներից։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, բայց սահմանադրի կամքը Սահմանադրական դատարան ձևավորելու առումով չի իրագործվի, քանի որ Հայաստանի Սահմանադրության ընդունման պահին դատարանն արդեն ձևավորված էր։ Ըստ Սահմանադրության, Բարձր դատարանի դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը: Եվ որպեսզի Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն արվի, Արդարադատության նախարարությունը դատավորներին հնարավորություն է տալիս անկախ տարիքից հրաժարական ներկայացնելու դեպքում օգտվել սոցիալական երաշխիքներից։
Փաստաբաններ Նինա Կարապետյանցն ու Ռուբեն Մելիքյանը հարց են ուղղում իշխանություններին՝ ինչո՞ւ պետք է հարկատուները վճարեն հրաժարական ներկայացրած դատավորներին։ Այս նախագիծը իրավական պետության հետ որևէ առնչություն չունի, կարծում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Պարզապես կարող է համարվել պետական բյուջեի հաշվին կաշառքի փորձ, ես նույնիսկ չեմ վախենա այս որակումը տալ, որովհետև անհասկանալի է, թե ինչու պետք է հարկատուները վարձատրեն մարդկանց, որոնք ինչ-որ կամայականորեն որոշված ժամկետում պետք է հրաժարական տան կամ ինչ անեն։ Սա, մեղմ ասած, իրավական պետության գաղափարախոսության հետ որևէ առնչություն չունեցող դրույթ է», - նշեց Մելիքյանը։
Փաստաբան Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո՝ Ազգային ժողովում երդվելիս, հայտարարել էր, թե Բարձր դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով և պնդել՝ Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, և որ միայն իրենք կարող են որոշումներ ընդունել: Գրիգորյանը հիմնավորել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և վեց անդամները նախկին Սահմանադրությամբ են ընտրվել և չունեն դատավորի կարգավիճակ, ըստ այդմ՝ լիազորված չեն որոշումներ ընդունել: Գրիգորյանը հավելել էր, որ գործող ՍԴ կազմում լեգիտիմության խնդիր կա, և իրավիճակը բնութագրել էր ճգնաժամային: Նրա այս հայտարարությունից հետո սկսեցին կարծիքներ հնչել, որ Գրիգորյանի մատնանշած ՍԴ անդամները պետք է հրաժարական ներկայացնեն։ Ավելի ուշ Գրիգորյանը նամակ ուղարկեց Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին:
Գրիգորյանը նամակում ելքեր էր առաջարկել, որոնցից մեկն էլ Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականն էր։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք Արդարադատության նախարարության ներկայացրած այս փոփոխությունը հենց Վահե Գրիգորյանի մատնանշած ՍԴ անդամներից ազատվելու համար չէ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Երևի կարելի է այսպիսի մեկնաբանություն տալ, բայց նախագիծը վերաբերում է բոլորին և, ըստ էության, վերաբերում է նաև Վահե Գրիգորյանին։ Վահե Գրիգորյանը նույնպես կարող է հրաժարական տալ, և մենք՝ հարկատուներս, օրինակ, պետք է 11,5 տարի բարձր աշխատավարձ վճարենք, անունը կարևոր չի՝ 1-ին, 2-ին կամ 9-ին, որոնք որ ստանում են այսպիսի հնարավորություն օրենսդիրի կողմից։ Իմ կարծիքով՝ սա որևէ կերպ չի կարող հիմնավորված համարվել, և որ իրավիճակային լուծում է, որը հույս ունեմ, որ չի հասնի անգամ քվեարկության»։
Ռուբեն Մելիքյանի կարծիքով, այս նախագիծը ցույց է տալիս, որ իշխանությունները հրաժարվել են Սահմանադրական դատարանի դատավոր և անդամ տարբերակման տեսությունից։ Ըստ նրա, Բարձր դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին առաջարկվող դրույթն էլ հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։
«Ի դեպ, այս դրույթը, ես կարծում եմ, որ պետք է դիտարկել համակցության մեջ այն մեկ այլ դրույթի հետ, համաձայն որի, եթե քրեական հետապնդում է արվում դատավորի նկատմամբ, ապա մեխանիկորեն օրենքի ուժով կասեցվում է դատավորի լիազորությունները։ Այս դրույթի մասով կարող եմ պնդել, որ, այո, այսօր ակնհայտ հակասության կա Սահմանադրության հետ», - ընդգծեց փաստաբանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն, ինչպես նաև Նինա Կարապետյանցը չեն բացառում, որ եթե այս փոփոխություններն օրենքի ուժ ստանան, որոշ դատավորներ հրաժարական կներկայացնեն։ Բայց դա ամենևին էլ լուծում չէ նախկին ռեժիմի օրոք հանցագործություններ կատարած դատավորներից ազատվելու համար, ասում է իրավապաշտպանական գործունեություն ծավալող Նինա Կարապետյանցը։
«Ընտրությունների կեղծումը ինձ համար ամենամեծ հանցագործությունն է։ Ընտրությունների կեղծումը բերեց էն իրավիճակին, կատաստրոֆիկ իրավիճակին, որի մասին խոսեց վարչապետը, որ ինստիտուցիոնալ որևէ կառույց չի գործում, ինստիտուցիոնալ առումով մենք չունենք աշխատող կառույց, դա սարսափելի է, ամենավատ բանն է՝ ինչ կարա պետության հետ կատարվի։ Սրա հիմքում կանգնած են էդ նույն Սահմանադրական դատարանի դատավորները», - ասաց Կարապետյանցը։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ եթե անգամ հրաժարական ներկայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի և դատավորը դատապարտվի, ապա այդ դեպքում սոցիալական այդ երաշխիքները չպետք է գործեն։ Ըստ Բեքմեզյանի, առաջարկվող փոփոխությունը ելք է սահմանադրական ճգնաժամին լուծում տալու համար։
«Եթե մենք փորձենք դիտել այս աշխատավարձի վճարումը և այլն ոչ թե որպես կաշառք, որ «հարգելիներս, հրաժարական տվեք և դուք մեկա կստանաք ձեր գումարը, որը պետք է ստանայիք հիմա», այլ դիտենք որպես մատուցում այն բանի, որ ստեղծված իրավիճակում այդ անձինք գնում են որոշակի քայլի՝ դուրս բերելու համար երկիրը այս սահմանադրական ճգնաժամից, ապա ես դա նորմալ եմ համարում», - նշեց Բեքմեզյանը։
Ըստ պաշտոնական կայքէջի, Արդարադատության նախարարության առաջարկած այս նախագծերի վերաբերյալ հանրության կարծիքները կիսվել են։ Նախագծերի վերաբերյալ տեսակետների համար ժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 26-ը։