Բաքուն Azersky արբանյակով ուսումնասիրել է բնական ռեսուրսների օգտագործումը ԼՂ տարածքում

Պաշտոնական Բաքուն Azersky արբանյակի միջոցով ուսումնասիրություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում բնական ռեսուրսների օգտագործման և նոր ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ ու հայտարարել, թե մտադիր է «հասցված վնասի փոխհատուցում պահանջել Հայաստանից»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ Շուշիին մոտ գտնվող «Իսաբուլաղ» տարածքից հատվել է 0,46 հա անտառ։ Բացի այդ, արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքում ադրբեջանական կողմը պարզել է, որ «Քելբաջարի շրջանում ապօրինաբար շահագործվում են ոսկու հանքավայրեր, իսկ Թերթերի շրջանի «Դեմիրլի» հանքավայրում երկրաբանախուզական աշխատանքներ են տարվում և հայտնաբերվել են նոր ենթակառուցվածքների տարրեր (ճանապարհ, շինություն, տեխնիկա-սարքավորումներ)»։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն պնդել է, որ «վնասը կհաշվարկվի միջազգային մեխանիզմների միջոցով», և «ապօրինի գործողությունների պատճառով Հայաստանը իրավական պատասխանատվության կենթարկվի»։