Դեպի Վրաստան հանգստի գնացած՝ «Հարավկովկասյան երկաթուղու» Երևան-Բաթումի գնացքից օգտված ուղևորները դժգոհում են ռուսական ընկերության մատուցած ծառայությունների որակից։
«Գնացի տոմսը գնեցի՝ մտածելով, որ ավելի հարմարավետ կլինի, տարածությունը մեծ է՝ օդափոխիչ կլինի, բայց պարզվեց, որ մտանք արդեն էդ կոլորիտը, էդ աղտոտվածությունը, հոտը, արդեն ուզում էինք հետ դառնալ, բայց ճար չկար։ Ի վերջո այնպես էլ չի, որ շատ էժան տոմս է», - ասաց ուղևորներից Անահիտ Փայտյանը։
Անահիտ Փայտյանը օրեր առաջ է երեխայի ու հարազատների հետ վերադարձել Բաթումիից, գնացքով էին գնացել։ Ասում է՝ գնացքում տարրական հիգիենայի պայմաններ չեն եղել. ճանապարհի կեսին պարզվել է՝ ջուր չկա, ինչի հետևանքով անհնար է եղել օգտվել սանհանգույցից, չի գործել օդափոխման համակարգը, շոգ է եղել։ Անահիտն ասում է՝ առաջին անգամ են օգտվել գնացքից, եթե իմանային նման խնդրի առաջ են կանգնելու, ավտոբուսով կմեկնեին հանգստանալու։
«Ազատության» հարցին, թե ջուր չլինելը ինչո՞վ էին բացատրում, Փայտյանը պատասխանեց. «Մենք մոտեցանք, ասացին՝ էս առաջին դեպքն է, որ ջուր չկա, բայց խիստ կասկածում եմ, որովհետև հետադարձին էլ էլի մարդիկ մեծ տարաներով ջրեր էին իրենց հետ վերցրել»։
Իսկ ավելի ուշ էլ չեն կարողացել ննջել, Անահիտը պնդում է՝ գնացքի ներքնակներն են կեղտոտ եղել, այնքան, որ տհաճ հոտը տարածվել է ամբողջ խցիկում։
«Ներքնակների մասին խոսելը ես նույնիսկ ավելորդ եմ համարում, խայտառակություն էր, երևի այդ ներքնակները վերջին 20-30 տարում չէին լվացվել», - նշեց նա։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը վստահեցնում է՝ ամեն չվերթից առաջ գնացքն ամբողջովին մաքրվում է, այդ թվում՝ խցիկները, սանհանգույցը, ներքնակները և այլն։ Չի բացառում՝ դժգոհողներ կլինեն ծառայությունների որակից, բայց համոզված է՝ ավելի շատ են իրենց ծառայություններից գոհ ուղևորները։
«Եթե մի քանի հոգի բողոքող կա, հազարավոր գոհ մարդիկ կան։ Ես չեմ կարող, իհարկե, բացառել այն, որ բողոքողներ կլինեն, սակայն հաշվի առնելով այն, որ գնացքը աննախադեպ այս տարի ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ասում է նրա մասին, որ քաղաքացիները մեր գոհ են և նախընտրում են ճանապարհորդել գնացքով», - ասաց Գրձելյանը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղարը հավաստիացնում է՝ օդափոխման համակարգ կա վագոններում, ջուր էլ, իսկ ճանապարհի կեսին ջրի բացակայությունը կապում է ուղևորների կողմից չափից շատ սպառելու հետ։
«Եթե սկզբից նստել են ու չի եղել, էդ արդեն ուրիշ խնդիր է, ես դրա համար, օրինակ, ներողություն կխնդրեմ ու կհետևեմ, համապատասխան ծառայություններին կհասցնեմ այդ բողոքը, որ մարդը նստել է գնացք, շարժվել է, ջուր չի եղել բայց», - ընդգծեց Գրձելյանը։
Գրձելյանն ասում է՝ ուղևորներին խորհրդային գնացքներով են սպասարկում, բայց շուտով նոր շարժակազմեր կգնեն, իսկ թե երբ՝ առայժմ ժամկետներ չեն նշում ընկերությունից։ Ասում են՝ պայմանագրով պարտավորվածություն ունեն։
Երևանից Բաթումի գնացքով գնացած մեկ այլ ուղևոր նույն տպավորություններն ունի։ Սերինեն ասում է՝ առաջին ուղևորությունը դժոխային փորձության է վերածվել։
«Մաքրություն ընդհանրապես չկար. ապակիների վրա փոշի էր նստած, տեղաշորի վրա հետքեր էր, ասենք, բարձի երեսի վրա հետքեր կար, որ երևի լավ չէին լվացել կամ ուղղակի հետք էր մնացել, չեմ կարող ասել», - ընդգծեց ուղևորը։
«Հարավկովկասյան երկաթուղուց» դեռ վիճակագրություն չեն տալիս, թե այս տարի որքան ուղևոր է օգտվել Երևան-Բաթումի գնացքից, սակայն նշում են՝ նախորդ տարիների համեմատ ուղևորափոխադրումները զգալի ավելացել են։ Իսկ ուղևորների թվի ավելացումը կապում են նաև վերջին շրջանում տեղի ունեցած ավտովթարների հետ։ Ասում են՝ քաղաքացիները նախընտրում են գնացքով ուղևորվել, քանի որ ապահով է։ Երևան-Բաթումի ուղղությամբ մեկ տոմսի արժեքը հասնում է մինչև 28 հազար 950 դրամի։