Ղրղըզստանի նախկին նախագահը կալանավորվեց

Ղրղըզստանի դատարանը երեկ որոշեց նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին կալանավորել մինչև օգոստոսի 26-ը՝ կոռուպցիայի և քրեական հեղինակություններից մեկին ապօրինի կալանքից ազատելու մեղադրանքով:

Երկրի նախկին ղեկավարը ճաղերի ետևում հայտնվեց երկու օր շարունակված հատուկ գործողություններից հետո․ իրավապահները ստիպված էին գրոհել նրա նստավայրի վրա և բերման ենթարկել, քանի որ Ատամբաևը մինչ այդ կտրականապես հրաժարվել էր ներկայանալ հարցաքննության: Ընդ որում, հատուկ գործողության առաջին փորձն ավարտվել էր անհաջողությամբ։

Բիշքեքից քիչ հեռու գտնվող Կոյ Տաշ ավանում՝ նախկին նախագահի նստավայրի մոտ, վերջինիս աջակիցները զինված դիմադրություն էին ցույց տվել, հատուկ ջոկատայիններից մեկը զոհվել էր, մի քանիսը գերեվարվել, տասնյակ մարդիկ ստացել էին մարմնական վնասվածքներ: Արյունալի փոխհրաձգությունից հետո՝ երեկ արդեն, ուժայինները դեպքի վայր էին մեկնել ուժեղացված կազմով՝ Ներքին գործերի նախարարության մոտ 2000 զինվորներով: Մի քանի ժամ անց 62-ամյա Ալմազբեկ Ատամբաևը հանձնվել էր։

«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության տրամադրության տակ է հայտնվել ձերբակալության պահին կատարված տեսագրությունը։

«Ինձ հետ ինչ ուզում եք արեք, իմ տղաներին ձեռք մի տվեք», - դիմելով հատուկ ջոկատայիններին, ասել էր Ատամբաևը:

Նախկին նախագահից բացի երեկ ձերբակալվել է նաև մերձավոր դաշնակից, նախագահական վարչակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը: Այս պահին առկա տեղեկություններով, նա անցնում է Ատամբաևի նստավայրի մոտ տեղի ունեցած բռնությունների և ուժայիններին զինած դիմադրություն ցույց տալու գործով: Բացի այդ, հաղորդվում է, որ իրավապահները հարցաքննության են հրավիրել նաև նախկին նախագահի որդուն՝ Սեիդբեկ Ատամբաևին:

«Թե կոնկրետ ինչ գործով՝ չգիտեմ», - լրատվամիջոցներին ասել է Ատամբաևի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խոսնակը՝ հավելելով՝ նախկին նախագահի ընտանիքի մյուս անդամները Ղրղըզստանում են, և մինչ այս պահը չեն կանչվել հարցաքննության:

Իրավապահներն իրենց հերթին պնդում են, թե վերջին օրերի անկարգություններին մասնակցել են Ատամբաևի՝ մոտ 1500 աջակիցներ, այս պահի դրությամբ 40-ը ձերբակալված են՝ իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու համար:

62-ամյա Ատամբաևը Ղրղըզստանի նախագահությունը ստանձնել էր 2011-ին, 6 տարի անց նա ստիպված էր հեռանալ, քանի որ, ըստ օրենքի, չէր կարող առաջադրվել երկրորդ ժամկետի համար: Իշխանավարման ավարտին Ատամբաևն ինքն էր տվել ներկայիս նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի անունը՝ որպես իր հավանական հետնորդ։ Վերջինիս ընտրությունից հետո, սակայն, ներկա ու նախկին նախագահները դարձել էին հակառակորդներ:

Նոր խորհրդարանը անցած հունիսին զրկել էր Ատամբաևին նախագահական անձեռնմխելիությունից, դատախազությունն էլ հետաքննություն էր սկսել Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման ու ապօրինի հարստացման:

Ի դեպ, մեկ ամիս առաջ, երբ խորհրդարանը զրկել էր նրան նախագահական անձեռնմխելիությունից, Ատամբաևը մեկնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Ըննդիմախոսները պնդել էին, թե այդ քայլով նա փորձում է ճնշում գործադրել գործող իշխանությունների վրա՝ դրսի, մասնավորապես, Կրեմլի աջակցությամբ:

Նախկին նախագահը, վերադառնալով հայրենիք, պարզաբանել էր. «Պուտինն ինձ համար ոչ միայն Ռուսաստանի նախագահն է, այլև մտերիմ մարդ, ով իմ ետևից ինքնաթիռ էր ուղարկել: Եվ սա առաջին անգամը չէր, սխալ կլիներ, եթե մերժեի»:

Ինքը՝ Ռուսաստանի նախագահը, ղրղըզական վերջին զարգացումներին ու իր մերձավորի ձերբակալությանը դեռ չի արձագանքել, փոխարենը այդ մասին խոսել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով ի դեպ, Ատամբաևի ձերբակալության օրը հենց ժամանել էր Ղրղըզստան, Իսիկ-կուլ՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք, ես այսօր առավոտից այս թեմայով խոսել եմ նաև Ղրղըզստանի վարչապետի հետ», - հայտարարել էր Մեդվեդևը, հավելելով՝ «հույս ունենք, որ հետագա բոլոր գործընթացները կհիմնվեն Ղրղըզստանի ներքին օրենսդրության ու Սահմանադրության վրա, քանի որ այնտեղ են ներառված նաև շատ հարցերի պատասխաններ»:

Թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը, Մեդվեդևը չէր մանրամասնել: