Մարտի 1֊ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով ապացուցողական բազան լրացնելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին փաստաբանը ասաց «Ազատությանը», անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե կառույցից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և փոխանցվել Հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի միացվի Մարտի 1-ի գործի քննությանը:
«Այն պահի դրությամբ, երբ նախաքննության ավարտ է հայտարարվել, այդ պահի դրությամբ նախաքննության մարմինը գտել է, որ ապացույցների բավարարության պայմաններում կոնկրետ մեղադրանքների դատավարական ընթացակարգով հաստատման նպատակով կարելի ա էս գործը ուղարկել դատարան: Ապացուցողական բազան լրացնելու մասին խոսելու անհրաժեշտություն չունենք, որովհետև էդ գործով ապացուցողական բազան էնպիսին ա, որ բավարար ա մեղադրական վճիռ կայացնելու: Սա նախաքննական մարմնի համոզմունքն ա», - մեկնաբանեց Եգորյանը:
Հիշեցնենք, նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի գործից առանձնացրել և դատարան էր ուղարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը: Քոչարյանի փաստաբանները օրերս հրավիրված ասուլիսն հայտարարեցին, որ չկա որևէ իրավական ճանապարհ, որը թույլ կտա Արթուր Վանեցյանի հայտարարած նյութերը կցել Քոչարյանի և մյուսների գործին:
Հատուկ քննչական ծառայությունից և դատախազությունից դեռևս չեն մեկնաբանում, թե ԱԱԾ-ի ուղարկած նյութերը ինչ բովանդակություն ունեն և որ գործերին են կցվել: