Դատարանի որոշմամբ Ալմազբեկ Ատամբաևը կալանավորվել է առնվազն մինչև օգոստոսի 26-ը: Նրան կոռուպցիոն բնույթի մեղադրանք է առաջադրվել:
Ձերբակալվել է նաև նախկին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը:
Ոստիկանությունը հայտնում է, որ անցած գիշեր փողոցային անկարգությունների ժամանակ Ատամբաևի աջակիցներից չորս տասնյակ մարդ բերման է ենթարկվել: Ոստիկանության տվյալներով՝ անցած գիշեր մոտավորապես մեկուկես հազար մարդ մասնակցել է անկարգություններին:
Այսօր առավոտյան Ղրղըզստանում Ռուսաստանի դեսպանությունը Թվիթերի իր էջում գրել է, որ Բիշքեկում իրավիճակը հանգիստ է: «Բիշքեկում իրավիճակն ապակայունացնելու նախկին նախագահի աջակիցների փորձերը կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Օգոստոսի 9-ի առավոտյան մայրաքաղաքում իրավիճակը հանգիստ է», - հայտնել է Ղրղըզստանում ՌԴ դեսպանությունը: