Տիգրան Ավինյանն իրատեսական է համարում մոտ ապագայում մինչև 9, 5 տոկոս տնտեսական աճի ապահովումը

Համապատասխան ջանք ներդնելու պարագայում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իրատեսական է համարում մոտ ապագայում մինչև 9, 5 տոկոս տնտեսական աճի ապահովումը։

«Համապատախան ջանք ներդնելու պարագայում, այն, ինչ այսօր թվում է անիրատեսական, կդառնա հնարավոր շատ մոտ ապագայում», - «Ազատության» հետ ճեպազրույցում ասաց Ավինյանը։

Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին հրավիրված հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց, որ մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։ Իսկ համախառն ներքին անրդյունքը մինչև 2050 թվականը 15 անգամ ավելացնելու համար պետք է տարեկան 9,5 տոկոս տնտեսական աճ ունենալ։

Հարցին, թե արդյո՞ք վարչապետի հայտարարած թվերը նույն ճակատագրին չեն արժանանա, ինչ Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մեգանախագծերը, Ավինյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ գալիք մի քանի տարվա ընթացքում խորքային բարեփոխումների և ընդհանուր բյուջեի վերանայման պայմաններում, այդ մոտեցումներն՝ իներցիոն, որոնք որ առկա են, ամբողջապես փոխվելու են, և մասնավորապես ներառական տնտեսական աճի մոդելի ներդրման պարագայում, կրթական և առողջապահական ծառայությունների ընդլայնման պարագայում, երբ մենք ուղղակի աշխատելու ենք մարդկային կապիտալը զարգացնելու ուղղությամբ, ես համոզված եմ, որ դա չի կարող իր լրջագույն էֆեկտները չցուցաբերել ապագայում, միգուցե ոչ գալիք մի քանի տարվա ընթացքում, բայց դրանից հետո, երբ որ խորքային որոշ փոփոխություններ տեղի ունենան կրթական համակարգում, գիտության մեջ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում, առողջապահության համակարգում, ես համոզված եմ, որ սա չի կարող իր լրջագույն էֆեկտները չցուցաբերել»։

Ավինյանն ընդգծեց՝ միգուցե ոչ գալիք մեկ-երկու տարվա ընթացքում, բայց հետագայում երկնիշ տնտեսական աճը միանշանակ իրատեսական է։