Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղըզստան՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։
Հայաստանն այս տարի նախագահում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում, և Փաշինյանը այսօր Եվրասիական միության վարչապետների հանդիպմանը կմասնակցի որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար:
«Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմավորել է Ղրղըզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:
Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: