Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը:
Պաշտոնական Բաքուն նշում է, որ Վալերի Սիմիեոնովը, ով երրորդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ, արդեն ադրբեջանական «սև ցուցակում» է և նրան արգելված է մուտք գործել Ադրբեջան: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ նույն ճակատագրին կարժանանա նաև մյուս բուլղարացի պատգամավորը՝ Իորդան Ապոստոլովը:
Բուլղարացի պատգամավորները Ստեփանակերտում էին օգոստոսի 6-7-ը, որտեղ հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ:
Ըստ ղարաբաղյան կողմի պաշտոնական հաղորդագրության՝ «հանդիպման ընթացքում հյուրերը պատրաստակամություն հայտնել աջակցել եղբայրական հայ ազգին՝ իրենց բոլոր նախաձեռնություններում»: