Կառավարությունը հաստատեց մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափն ու կարգը

Բախումներ Երևանի կենտրոնում, 1-ը մարտի, 2008թ․

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման վերաբերյալ նախագիծը։

«Աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում», - գործադիրի նիստում զեկուցեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: - «Ամրագրվում է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ լիազոր մարմինը կայացնում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը, կասեցնել դիմումի քննարկումը»:

Մարտի 1-ին զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ 5 միլիոն դրամ։ Վարչապետը կարևորում է որոշումն ու խոսում, իր ձևակերպմամբ, նրբությունների մասին։ 2008-ին որպես ընդդիմադիր՝ հարթակից ելույթ ունեցող, ապա Մարտի 1-ի գործով բանտում մոտ երկու տարի անցկացրած Փաշինյանի խոսքով՝ գործադիրը ոչ թե փոխհատուցում է տրամադրում, այլ աջակցություն։ Վարչապետը գերադասում է, որ Մարտի 1-ին զոհվածների հարազատներին և տուժածների փոխհատուցում տրամադրելու գումարի չափը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում որոշվի։

«Փոխհատուցման հարցը, կարծում եմ, այլ հարթության հարց է և պետք է մի փոքր այլ ընթացակարգերով որոշվի, չնայած նաև, մեծ հաշվով, զուտ պետական բյուջեի հնարավոր ծախսերի առումով նաև հնարավոր է, որ այս աջակցությունը հետագայում հաշվառվի այդ հնարավոր փոխհատուցման հաշվարկի տրամաբանության մեջ», - նշեց Փաշինյանը:

«Մենք նախորդ իշխանություններից ոչ մի լումա աջակցություն չենք ստացել։ Ասեմ ավելին՝ նախորդ իշխանությունը խանութների վնասը փոխհատուցեց, խանութների վառելը փոխհատուցեց, որ իրանք էին արել», - ասում է Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ու հիշում՝ նախորդ իշխանություններն իրենց անգամ չեն ցավակցել։ Նոր իշխանության նախաձեռնությունը Քլոյանը դրական է գնահատում, բայց նշում է՝ հարազատների համար ավելի կարևոր է Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտումը։ - «Հուսով ենք, որ սպանությունները կբացահայտվեն ամբողջովին», - ասում է Սարգիս Քլոյանը:

«Ես ինձ երբեք թույլ չեմ տա փողի բազար անել կամ մեր որդիները հո չէի՞ն գնացել փողով կռվելու», - ասում է Մարտի 1-ի 10-ը զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը: Նա կառավարության որոշումը բարոյական ժեստ է համարում հարազատների նկատմամբ։ Ասում է՝ իրենք երբեք փոխհատուցում չեն սպասել իշխանություններից․ - «12 տարի է, որ մենք տանջվում ենք: Նախկին իշխանությունը՝ նրանք երբեք չեն էլ ուզել լսել, անգամ Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, նախագահը: Ընդհանրապես Հանրապետական կուսակցությունը Մարտի 1-ը չէր ուզում լսեր»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ աջակցություն կտրամադրվի նաև 11 տարի առաջ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ծանր կամ միջին վնաս ստացած անձանց, եթե նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քրեական հետապնդումը դադարեցվել է կամ արդարացնող հիմքով դատական ակտ կա։