Գործարար, «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը կալանավորվել է: Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել էր անցած շաբաթավերջին՝ Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ «հանցակցություն արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն», կասկածանքով:
Օգոստոսի 2-ին Երևան - Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վնասվել էին Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները: Պայթյունից ժամեր անց Մելիք Մանուկյանի թիկնապահը նրա եղբոր ուղեկցությամբ, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, նստել էր իրեղեն ապացույց հանդիսացող «Ռենջ Ռովեր» մեքենան և հեռացել ոստիկանների կողմից արգելափակված տարածքից:
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Պայթյունի վայրից «Ռենջ Ռովեր»-ը փախցրած անձը երեքշաբթի օրը արդեն կալանավորված էր: