Այսօր երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում պատմական հանդիպում է լինելու՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայաստանյան խոտածածկի վրա անգլիական թիմ կխաղա․ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը կընդունի Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 7-րդ տեղը զբաղեցրած «Վուլվերհեմթոն»-ին, որի կազմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Եվրոպայի չեմպիոն Ռուի Պատրիսիուն, Ժոաո Մոուտինյոն և այլ հայտնի անուններ։
Չնայած մրցակցի զորեղությանը՝ հայկական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը երեկ նախախաղային ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց, որ «Փյունիկ»-ը կարող է հասնել հաջողության, եթե պաշտպանությունում ուշադիր խաղա՝ մրցակցին թույլ չտալով դրսևորվել:
«Լավ ֆուտբոլիստներ ունեն, բայց աստղեր չեն, իրենց դեմ հնարավոր է խաղալ», - ասաց Տարխանովը:
Նրա խոսքով՝ կարգով ավելի բարձր թիմերի դեմ խաղերում կարևոր է ֆուտբոլիստներին հոգեբանորեն նախապատրաստել, որ չվախենան ու չընկճվեն. - «Որովհետև բոլորը ֆուտբոլ խաղալ գիտեն, մենք էլ լավ գիտենք, իսկ հոգեբանական դրվագները կարող են կա՛մ ճնշել, կա՛մ ընդհակառակը՝ բացել թիմին»:
Հայկական ակումբի գլխավոր մարզչի գնահատմամբ, իրենց ու մրցակցի խաղաոճերը համընկնում են՝ երկուսն էլ կոմբինացիոն ֆուտբոլ են փորձում խաղալ: «Հետաքրքիր է՝ ինչպես մեզ կդրսևորենք իրենց ֆոնին», - ասաց նա:
Ըստ Տարխանովի՝ «Վուլվերհեփթոն»-ն ուժեղ է հատկապես հարձակման գծում. - «Շատ լավ դիսպետչեր ունեն՝ Մոուտինյոն, լավ հարձակվող՝ Մեքսիկայի հավաքականի խաղացող Խիմենեսը, նրանց անգամ սանտիմետր չի կարելի տալ, որովհետև միանգամից իրացնում են պահերը»:
Չնայած ֆուտբոլային աշխարհը դիմակայության ակնհայտ ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, Տարխանովն ընդգծում է՝ ֆավորիտներ չկան, ամեն ինչ խաղը ցույց կտա:
«Վուլվերհեմփթոն»-ը Երևան ժամանեց երեկ ուշ երեկոյան: Ակումբի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի նախախաղային ասուլիսը տեղի էր ունեցել Անգլիայում, սակայն հայ լրագրողները նույնպես հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու պորտուգալացի մասնագետին «Զվարթնոց» օդանավակայանում:
«Փյունիկ»-ի մրցակցի գլխավոր մարզչի խոսքով՝ բարդ հանդիպում է լինելու: «Փյունիկ»-ը շատ լավ թիմ է, բարդ խաղ է լինելու, ուրախ ենք Հայաստանում լինելու համար», - հայտարարեց Նունու Էշպիրիտու Սանտուն: Անգլիական ակումբի մարզիչն ընդգծեց՝ «Փյունիկ»-ի կազմում չի ցանկանում առանձնացնել ինչ-որ մեկին, հավելելով, որ կարևորը թիմային խաղն է։
Ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը հետաքրքիր խաղի ակնկալիքներ ունի: Նրա խոսքով՝ այս հանդիպումը «Փյունիկ»-ի համար սեփական ուժերը չափելու լավ հնարավորություն է:
Հիշելով Տարխանովի խոսքերը, Բաղդասարյանն ընդգծում է՝ հայկական ակումբը մրցակցին տարածություն չպիտի տա:
«Վախենալու ոչինչ չկա, «Փյունիկ»-ը պետք է համարձակ և անկաշկանդ խաղա, որովհետև իրեն որևէ մեկը չի մեղադրի, սա պարզապես շատ լավ հնարավորություն է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց ֆուտբոլային մեկնաբանը:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 20-ին, բուքմեյքերները դիմակայության ակնհայտ ֆավորիտ են համարում հյուրերին, իսկ «Փյունիկ»-ի հաղթանակի գործակիցը անցնում է 14-ից։