ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Ըստ մեղադրական եզրակացության՝ նախաձեռնության 6 անդամները ամբաստանյալի աթոռին կնստեն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու հոդվածով։
«Յուրի Ավագյանը, Դավիթ Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը, Արամայիս Պետրոսյանը, Գարիկ Միսակյանը և Դավիթ Սիմոնյանը, նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, մարտի 04-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում բռնություն գործադրելով, փորձել են բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրեն կամքից անկախ հանգամանքներով», - ասված է մեղադրական եզրակացությունում:
Կրթական համակարգում արմատական բարեփոխումներ պահանջող «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ մեղադրանքը ոչ համաչափ են համարում: - «Առևանգման համար առաջինը պետք է հաշվի առնել մոտիվները, երբ մարդուն առևանգում են՝ ունենում են նպատակ, մենք ոչ մի առևանգման նպատակ չենք ունեցել», - հավելեց Ավագյանը:
Նարեկ Մալյանի անունը շրջանառվում էր ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնի հետաքննությունում: Հեղինակները պարզել էին, որ Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան: Ըստ այդ հետաքննության՝ նոր կառավարության ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել էին #SutNikol հեշթեգի տակ ու օնլայն արշավ սկսել, որի նպատակն էր վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով: Ուսումնասիրելով #SutNikol հեշթեգով նյութերը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են 4 անձանց, որոնք էլ հիմնականում պատասխանատու էին բովանդակության և այն տարածելու համար: Նրանց շարքում էր նաև նախկին ոստիկանապետի խորհրդականը:
Ավագյանը շեշտում է՝ Մալյանի հանդեպ կազմակերպած գործողությունը պարզապես ակցիա էր և ընդունում, որ այն որոշ իրավական նորմերի խախտումներ պարունակել է: Հիշեցնենք՝ ակցիայից հետո համացանցում ակտիվորեն տարածվում էր «աղբի տեղն աղբամանում է» հեշթեգը։ Ավագյանն հիշեցնում է՝ ինչն էր իրենց գործողության դրդապատճառը՝ նախաձեռնության անդամները պնդում էին, որ Մալյանն իրենց հասցեին հրապարակային հայհոյանքներ էր հնչեցնում:
Ավագյանն ասում է՝ իրենց հույսն այժմ դատարանն է․ - «Դատավորը, ում մակագրվել է գործը, ըստ երևույթին երկու կարծիք պետք է որ չունենա՝ հաշվի առնելով գործի հնչեղությունն ու քննչական մարմինների կողմից հավաքված փաստերը»:
Ավելի վաղ ԵՊՀ ռեստարտի անդամների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ավագյանը հայտնեց, դատական գործընթացի մեկնարկին նախ դրա վերացման միջնորդություն են ներկայացնելու․ - «Նախաքննության ընթացքում էլ երկրից չբացակայելու խափանման միջոցն իրավաչափ չենք համարել, բայց փորձել ենք մաքսիմալ օրինակելի վարքագիծ դրսևորել՝ ցույց տալու համար, որ որևէ միտում չունենք նախաքննությանը խոչընդոտելու, մենք քրեական բարքեր ու վարք կրող անձինք չենք»:
Ավագյանի խոսքով՝ գործով տուժող ճանաչված Նարեկ Մալյանի հետ նախաքննության փուլում առերեսվել են, ասում է՝ ոստիկանության շենքում հարգալից են եղել միմյանց նկատմամբ, սակայն մի անգամ Մալյանը դրսում նախաձեռնության մյուս անդամ Դավիթ Պետրոսյանին տեսնելիս որոշ արտահայտություններ է հնչեցրել:
Վեց երիտասարդների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին, դատական նիստի օր դեռ չի նշանակվել: