Գրոհ Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի առանձնատան վրա

Կադր Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութից

Ղրղըզստանի հատուկ ջոկատայինները այսօր գրոհել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի առանձնատունը, որը գտնվում է մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու գտնվող Քոյ-Թաշ գյուղում: Նախկին նախագահի խոսնակը Ֆեյսբուքում հայտնել է, որ գրոհը իրականացնում են «հատուկ ջոկատայինները»:

Համացանցում հրապարակված տեսանյութի համաձայն մի քանի մարդ վիրավորվել է, գյուղի օդային տարածքում ուղղաթիռ է թռչում, լսելի են նաև կրակոցներ, սակայն հստակ չէ, թե ովքեր են կրակողները:

2011-2017 թվականներին Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ է հարուցվել՝ հիմնականում կոռուպցիոն հոդվածներով: Նախկին նախագահը, ով անցել է ընդդիմադիր ճամբար, այս տարվա հունիսին զրկվել է անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:

Ղրղըզստանի իրավապահները պնդում են, որ բազմիցս Աթամբաևին հրավիրել են հարցաքննության, սակայն նա չի ներկայացել: