Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հորդորել ներազդել Դոնբասի ռուսամետ անջատականների վրա՝ կանխելու համար բռնությունները:
Հեռախոսազրույցի մասին անձամբ հայտնել է Զելենսկին՝ ուկրաինական բանակի հրամանատարության հետ կայացած խորհրդակցությունից հետո: Խորհրդակցությունը հրավիրվել էր շփան գծում իրավիճակի հերթական սրացման հետ կապված: Երեկ ռուսամետ անջատականների գնդակոծությունների հետևանքով ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել:
«Ես անհապաղ զանգել եմ Պուտինին: Ես նրան ասել եմ, որ դա չի մոտեցնում մեզ խաղաղությանը: Ես խնդրել եմ, որ նա ներազդի մյուս կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն մեր մարդկանց սպանությունները», - այսօր կայացած ճեպազրույցում ասել է Զելենսկին՝ հավելելով, թե Պուտինը խոստացել է որոշ քայլեր ձեռնարկել:
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ իրավիճակի սրացման պատճառով հնարավոր է հետաձգի իր այցը Թուրքիա: Նա հայտնել է, որ Դոնբասի հարցով բանակցություններ են նախատեսվում Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Հուլիսի 21-ին Ուկրաինայի արևելքում հերթական հրադադարն էր հայտարարվել, բայց կրակոցները չեն դադարել: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
2014 թվականի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով 13 հազար մարդ է զոհվել: