Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ այդ փաստաթղթերը հիմնականում վերաբերում են Մարտի 1-ի գործին։
«Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն Ազգային անվտանգության ծառայությունում, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը», - ասաց ԱԱԾ տնօրենը։
Հարցին, թե նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են այդ փաստաթղթերի վերականգնումից հետո, Վանեցյանը պատասխանեց․ - «Եկեք ես մանրամասն չպատասխանեմ, ուղղակի կասեմ, որ այո՛, շատ հետաքրքիր փաստաթղթեր կային, որոնց վերաբերյալ առաջիկայում կարծում եմ նախաքննություն իրականացնող մարմինը կհայտարարի»։
Մայիսի 8-ին՝ Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել»։ Վարչապետը տեղի ունեցածը հանցագործություն որակեց։