Գրպանահատները 44 համարում դանակով հարձակվել են իրենց լուսանկարող քաղաքացու վրա

Վերջին շրջանում երևանյան հանրային տրանսպորտում այնքան հաճախ են դարձել գրպահանահատության դեպքերը, որ շատերն արդեն դեմքով են ճանաչում որոշ գրպանահատների: Բժիշկ Վահրամ Բուլղադարյանը պատմում է՝ նախօրեին Ֆեյսբուքում տարածված լուսանկարների շնորհիվ կարողացել է ճանաչել գրպանահատին և կանխել գողության դեպքը 44 համարի երթուղայինում։

«Ես տեսա իրենց․ սկսեցին զննել, նայել ու ես անհանգստացա էն մարդկանց համար, որոնք տրանսպորտի մեջ էին։ Ես էլ անհանգստացա մարդկանց համար ու պահի տակ աննկատ նկարեցի հեռախոսով: Իրենցից մեկը թե՝ էս ինչ ես անում․․․ հենց մոտեցանք կանգառին, իրենք մոտեցան դռանը՝ ագրեսիվացած, սկսեցին խփել, հայհոյել։ Ու երբ որ դուռը բացվեց տրանսպորտի, իրենցից մեկը դանակ հանեց, մտավ ներս, որ խփի: Էդ պահին հետևի նստարանին նստած մի աղջիկ հրեց իրեն: Հրելու արդյունքում ինքը ուղղակի չհասցրեց ինձ խոցել՝ մատիս կպավ, բախտս բերեց», - պատմում է բժիշկը:

Օրեր առաջ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հենց այդ նույն անձանց նկատել էր գողություն անելիս: - «Այս շոգին, երբ բաճկոն ես տեսնում թևին գցած, երեքով են, խուճապ են ստեղծում երթուղայինում, ակամայից ուշադրություն դարձնում ես», - պատմում է Ջեբեջյանը:

Նա լուսանկարել և ձայնագրել էր 3 գրպանահատներին, պահանջել՝ վերադարձնել գողացված դրամապանակը։ Լրագրողն ասում է՝ այս դեպքից հետո իր հասցեին սպառնալիքներ են հնչել և այսօր արդեն քաղաքում իրեն ապահով չի զգում։

«Ինչո՞ւ պետք է հանցագործներին չբռնեն ու ես կաշկանդված զգամ իմ քաղաքում: Իրենց բոլոր տվյալները ունենք։ Ի՞նչն է խնդիրը, որ ազատության մեջ են։ Հասկանալի է՝ օրենքի թերություն կա։ Դժվա՞ր է մի գրպանահատի հարց լուծել», - հարցնում է Ջեբեջյանը:

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հուլիսի 24-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով գրպանահատներին, ասել էր․ - «Ոստիկանությունը բազմաթիվ դեպքեր է բացահայտում, երբ կատարողները կատարելուց հետո շարունակում են լինել դրսում: Այսինքն, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը: Չկա մի գրպանահատ, որ վերջին ժամանակահատվածում խափանման միջոցը նրա նկատմամբ կիրառվի կալանքը, շատ քիչ դեպքեր են լինում: Այստեղ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական փոփոխություն անել: Կա նախագիծ, որը կխստացնի և վերջ կդրվի սրան»:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանն «Ազատության հետ զրույցում ասաց՝ գողոնը վերադարձնելուց հետո քաղաքացիները հիմնականում նախընտրում են բողոքը հետ վերցնել:

«Օրինակ, եթե քաղաքացուց գրպանահատը գողացել է բջջային հեռախոսը: Հեռախոսը գրպանահատը վերադարձնում է քաղաքացուն, տվյալ քաղաքացին այլևս բողոք չի ունենում, տվյալ գրպանահատին բաց են թողնում։ Սա է խնդիրը, որ քաղաքացին բողոք չունի տվյալ անձի նկատմամբ։ Դրա համար էլ ոստիկանությունից գրպանահատներին բաց են թողնում», - պարզաբանում է Ֆիշյանը:

Սեգ Կիրակոսյանը, ում դրամապանակը որոշ ժամանակ առաջ ևս գողացել էին, կարծում է՝ երթուղայիններում գոնե տեսախցիկներ տեղադրելով հնարավոր կլինի կանխել նման դեպքերը. - «Գրպանահատներն իրենց տեխնիկան զարգացնում են, իսկ համապատասխան մարմինները մնում են հին բացահայտման մեթոդներին ու տեսախցիկները առաջին քայլը պիտի լինեն կանխարգելման հարցում»:

2018-ին գրանցվել է 518 գրպանահատության դեպք, որից բացահայտվել է 236-ը, իսկ 2019-ի առաջին կիսամյակում արդեն գրանցվել է 314 դեպք, 147-ը բացահայտված է։