Տնտեսագետը «ֆանտաստիկ» է որակում վարչապետի ներկայացրած ռազմավարական նպատակները

Մինչև 2050 թվականը աղքատության վերացման, Հայաստանի ներքին համախառն արդյունքը տասնհինգապատկելու, 2.5 միլիոն մարդու զբաղվածություն ապահովելու և աշխատավարձերը 7 անգամ բարձրացնելու մասին Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարական նպատակները տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «ֆանտաստիկ» է որակում։ Ասատրյանը սակայն, նկատում է՝ նույն այդ «ֆանտաստիկայի» շարքից էր նաև 2018-ի հեղափոխությունը։

«Ժողովրդի մեջ հույս էլ չկար տեղաշարժի, մեկ էլ բոլորը ոտքի կանգնեցին և այլն: Այդ ֆանտաստիկ ասածը՝ այ էդ ֆանտաստիկ զարգացումների շարքից է: Այլ բան է, որ հիմա արդեն սա, ըստ էության, խնդիր է իշխանության եկած թիմի առջև դրվել և սա արդեն պետք է միս և արյուն ստանա, որովհետև երկարաժամկետ զարգացումը քար առ քար կառուցվող մի շինություն է», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Ասատրյանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ այն զարգացման տեմպով, որով Հայաստանն է այս պահին առաջ շարժվում, հնարավոր չէ 3 տասնամյակում նման ցուցանիշներ գրանցել։ Ասում է՝ վարչապետի մատնանշած թվերն իրականություն դարձնելու համար առաջին հերթին պետք է տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացնել։ Ներկա տեմպը տնտեսագետը դրական է գնահատում, սակայն՝ ոչ բավարար․ - «Ունենք կիսամյակային արդյունքներ՝ 6.5, որը կարելի է ասել՝ լավ ցուցանիշ է, մանավանդ՝ որակական տեղաշարժեր կան: Կարելի է դրական գնահատել էս երևույթը, բայց էդ 6.5֊ով մեր ՀՆԱ֊ն 30 տարվա ընթացքում լավագույն դեպքում ՀՆԱ֊ն կքառապատկվի: Այսինքն՝ երեքից չորս անգամ ավելի բարձր տեմպեր են պետք այդ արդյունքին հասնելու համար»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասում է՝ այդ ցուցանիշները գնահատելու ու իրատեսական որակումը տալու համար սեղանին առաջին հերթին հստակ ռազմավարական ծրագիր պետք է լինի։

«Աշխարհը 30 տարվա մեջ շատ ու շատ առաջ է գնալու: Կարծում եմ՝ սա այն նվազագույնն է, որի մասին պետք է այսօրվանից արդեն մտածվի, որ մենք մեր տեղը ունենանք: Օրինակ մյուս խնդիրները տեսեք՝ նպատակ է դրվում մեր բնակչությունը 5 միլիոնի հասցնել: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է լինի այն բարենպաստ միջավայրը, որտեղ ձգտեն և ոչ միայն մեր հայրենակիցները, այլ նաև օտարները՝ գան, բնակություն հաստատեն, գործունեություն ծավալեն և այլն և այլն», - ասում է նա:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանն ասում է՝ որպես ցանկություն լավն են վարչապետի հայտարարած ցուցանիշները, բայց դրանց հասնելու համար կառավարությունը պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն վարի, որը, ըստ Փաշինյանի կառավարության նախկին նախարարի, այս պահին այդպես չէ․ - «Եթե ուզում ենք տնտեսական հաջողություն արձանագրենք, պետության դերակատարությունը որպես տնտեսական քաղաքականություն իրականացնող, պետք է շատ ավելի մեծ լինի: Իսկ թվերը ուղղակի գեղեցիկ թվեր են: Սերժ Սարգսյանն էլ 2040-ի մեջ էլի ինչ֊որ գեղեցիկ թվեր էր ասում: Գեղեցիկ թվեր ասել շատ հեշտ է, այդ թվերը հիմնավորել՝ դա է խնդիրը, ու քանի ես այդ հիմնավորումը չեմ տեսել, ես չեմ կարող ասել՝ դրանք իրատեսական են, թե չէ»:

Հայաստանի բնակչության թիվը մինչև 2050 թվականը 150 հազարով կրճատվելու մասին կանխատեսած ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում չեն շտապում գնահատական տալ՝ իրատեսական է, վարչապետի նշած թիվը, թե ոչ։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը մեկնաբանում է․ - «Եթե այդ կանխատեսման հաշվարկների մեջ գործոններ են փոփոխվում, ավելանում, պակասում, կամ այդ գործոնների կշիռն է փոխվում, կանխատեսումները փոփոխվում են: Եվ եթե մենք նայենք 2017 թվականի ՄԱԿ-ի կանխատեսումները և համեմատենք 2019-ի տվյալների հետ (այս կանխատեսումներն ամեն երկու տարին մեկ են թարմացվում և հրապարակվում), ապա կտեսնենք, որ ինչ վերաբերում է Հայաստանին՝ իրոք այստեղ դրական միտումներ կան»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել էր Հայաստանի բնակչությանը թիվը 3 տասնամյակում 5 միլիոնի հասցնելու ռազմավարական նպատակի մասին։