Թուրք-ամերիկյան տարաձայնություններում նոր ճգնաժամ է հասունանում․ Անկարան այսօր՝ վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ սպառնաց միակողմանի ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդերի դեմ, մի բան, որին Պենտագոնը կտրականապես դեմ է արտահայտվում:
«Եթե Թուրքիան հիմա քայլեր չանի, վաղը ստիպված կլինի շատ բարձր գին վճարել դրա համար», - այսօր դիմելով տարբեր երկրներում հավատարմագրված թուրք դեսպաններին՝ հայտարարեց նախագահ Էրդողանը:
Ընդ որում, Թուրքիայի առաջնորդը հստակ ակնարկեց՝ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են նաև քրդերին աջակցող ամերիկյան զորքերը:
«Մեր առաջնային նպատակն է չեզոքացնել ահաբեկչության օջախը Սիրիայի հյուսիսում: Թուրքիան ինքն իրեն անվտանգ չի զգա, քանի դեռ այս քացկեղի բջիջները շարունակում են զարգանալ մեր դաշնակիցների կողմից տրամադրված զինատեսակների օգնությամբ: Աստծո կամոք մենք շատ մոտ ապագայում կշարունակենք ռազմական գործողություններն ու դրանք կհասցնենք նոր մակարդակի», - հայտարարեց Էրդողանը:
Վաշինգտոնն իր հերթին Անկարայի այս հայտարարություններին արձագանքեց կոշտ ու հստակ: - «Մենք հաստատակամ ենք կանխել ցանկացած միակողմանի քայլ», - պնդեց Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:
Պենտագոնի ղեկավարը ընդգծել է՝ Ամերիկան կշարունակի աջակցել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերին, որոնց օգնությամբ միջազգային կոալիցիան տարիներ շարունակ պայքարում էր «Իսլամական պետության» դեմ:
Ի տարբերություն Միացյալ նահանգների, Անկարան Սիրիայի քրդերին կապում է անջատական Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որի դեմ արդեն 35 տարի է՝ ապարդյուն պայքար է մղում սեփական երկրի տարածքում:
«Մենք թուրքերի հետ մանրազնին քննարկում ենք Սիրիայի քրդերի հետ կապված նրանց մտահոգությունները, և համոզված ենք, որ ցանկացած միակողմանի քայլ չի կարող ընդունելի լինել: Մենք փորձում ենք թուրքերի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել նրան հուզող մտահոգությունները փարատելու համար: Հուսով եմ՝ կհասնենք արդյունքների և կկարողանանք կանխել միակողմանի ներխուժումները», - հայտարարեց Էսպերը:
Պենտագոնի այս լավատեսությունը, սակայն, առայժմ փաստերով չի հիմնավորվում: Երկրորդ օրն է՝ Ամերիկայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները Անկարայում այս հարցի շուրջ բանակցություններ են վարում թուրք գործընկերների հետ: Հանդիպումներն անցնում են փակ դռների հետևում, սակայն դրանցից հետո հնչող թուրքական արձագանքը վկայում է՝ կողմերն առայժմ հեռու են փոխհամաձայնությունից:
«Մենք չենք կարող անվերջ սպասել, մեր համբերությունը մի օր կսպառվի և այդ օրը շատ մոտ է», - անցած կիրակի հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Արևմտյան լրատվամիջոցները պնդում են՝ թուրքերին չի ոգևորում Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը, որով նախատեսվում է Սիրիայի հյուսիսում 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել: Անկարան պնդում է, թե այդ առաջարկը հաջողություն կունենա, եթե բուֆերային այդ գոտում անվտանգությունն ապահովեն թուրքական ուժերը: Տեղի քրդերը, մինչդեռ, կտրականապես դեմ են թուրքական կողմի ցանկացած ներգրավվածության: Մինչ կողմերը շարունակում են բանակցությունները, թուրքական լրատվամիջոցներն այս օրերին շարունակաբար ցուցադրում են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են ռազմական շարասյունները շարժվում դեպի Սիրիայի սահման՝ իրենց հետո տանելով զինվորներ ու ծանր զրահատեխնիկա:
Եթե Անկարան, այդուամենայնիվ, իրագործի սպառնալիքն ու անտեսելով ամերիկան միջամտությունը՝ հարձակում սկսի սիրիայի քրդերի դեմ, սա կլինի թուրքական բանակի երրորդ ներխուժումը հարևան երկրի տարածք՝ 2016 թվականից ի վեր: