Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ պետական հովանու ներքո եկեղեցի կկառուցվի

Թուրքիա - Հայկական Սուրբ Նշան եկեղեցին Ստամբուլում, արխիվ

Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ պետական հովանու ներքո եկեղեցի է կառուցվելու: Օրերս Ստամբուլի Յեշիլքյոյ վարչական շրջանում նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցավ ասորական Սուրբ Եփրեմ ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եկեղեցին ծառայելու է Ստամբուլում բնակվող շուրջ 17-հազարանոց ասորական համայնքին:

Էրդողանն իր ելույթում ընդգծել է այս իրադարձության պատմական նշանակությունն ու կարևորությունը Թուրքիայի ոչ մուսուլման փոքրամասնությունների կյանքում:

«Մեր երկրում իրավունքների ու ազատությունների ընդլայնումից պետք է օգտվեն անխտիր բոլոր մեր քաղաքացիները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ վստահեցնելով, որ երկիրը հավասարապես բոլորին է պատկանում: Նա նշել է, որ շուտով փաստացիորեն կսկսվի եկեղեցու շինարարությունը՝ ասորական համայնքի շռայլ ներդրման շնորհիվ: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ այս նոր եկեղեցին կդառնա Ստամբուլի հարստությունը:

Հիմնարկեքի արարողությանը մի շարք բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հետ մեկտեղ ներկա են գտնվել նաև ոչ մուսուլման փոքրամասնությունների համայնքների հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներ: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրավիրվածների շարքում էին: Միջոցառման ժամանակ Մաշալյանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ: Վերջինս բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին՝ հույս հայտնելով, որ պատրիարքական աթոռը շուտով նոր գահակալ կունենա:

Հիշեցնենք, հուլիսի 4-ին պատրիարքական տեղապահի ընտրությամբ պաշտոնապես մեկնարկեց Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Արդեն ձևավորված Նախաձեռնող մարմինը ընտրություններին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ է տանում: Անցած շաբաթ Ստամբուլի նահանգապետարան նամակ էր ուղարկվել ընտրության համար պատկան մարմիններից համապատասխան կանոնադրություն ստանալու համար: Ակնկալվում է, որ նոր պատրիարքի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: