Անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ դավադրության մեջ․ Փաշինյան

Անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ, Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրեց «համահայկականության տրամաբանությունը», որի համար, նրա խոսքով, անհրաժեշտ է հենվել «համահայկական մի քանի առանցքային կոնսենսուսների՝ համաձայնությունների վրա»։

Կենսենսուսներից առաջինը, ըստ Փաշինյանի, ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից բռնության բացառումն է։ - «Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն», - հայտարարեց նա։

Երկրորդը կոնսենսուսն այն է, ըստ վարչապետի, որ ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միայն աղբյուրն է։ Այս առումով Փաշինյանը չափազանց կարևոր համարեց Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։- «Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր», - խոստացավ Հայաստանի կառավարության ղեկավարը։

«Կոնսենսուս համար երեք՝ Հայաստանի և Արցախի՝ հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ՝ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը», - շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ չորրորդ կոնսենսուսը պետք է լինի Հայաստանը և Արցախը կոռուպցիայից և կոռուպցիայի բոլոր դրսևորումներից զերծ պահելը։

Ըստ Փաշինյանի, հինգերորդ կոնսենսուսն այն է, որ իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։ - «Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ այս համատեքստում մեկնաբանելով․ - «Մենք շատ արժանի մարդիկ ունենք, հայությունը շատ արժանավոր զավակներ է տվել, բայց անընդունելի է և չի կարելի հանդուրժել, երբ որևէ մեկը ծառայություն մատուցի ժողովրդին ու հայրենիքին, և հետո այդ ծառայությունը փորձի վաճառել արտոնյալ լինելու ձևով, օրենքից դուրս լինելու ձևով»։

Փաշինյանի կարծիքով ամենագլխավոր կոնսենսուսն է՝ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։

Վեցերորդ՝ իր խոսքով ամենագլխավոր կոնսենսուսի կապակցությամբ Փաշինյանը պարզաբանեց․ - «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։ Այս սկզբունքը կարևոր եմ համարում ընդգծել՝ ցույց տալու համար, որ ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, և հետևաբար այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը։ Կոնսենսուս համար վեցը մեզնից յուրաքանչյուրին տալիս է մի այնպիսի երաշխիք, որով արմատախիլ պետք է արվի դավադրության որևէ, նույնիսկ ամենաանհավանական տեսություն»։