Յուղոտված արագիլների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ

Կամավորներն արդեն երրորդ անգամ են Արարատի մարզի Հովտաշեն գյուղ այցելում ու մաքրում յուղապատ, սևացած, խիստ հյուծված ու թռչել չկարողացող արագիլներին: Ու չնայած այս ջանքերին՝ Արարատի մարզում բնապահպանական աղետալի իրավիճակը շարունակվում է։

Յուղով պատված են հարյուրից ավելի արագիլներ, կամավորական ջանքերով ամեն այցելության ժամանակ մատների վրա հաշված արագիլների փետուրներն է հաջողվում մաքրել, այն էլ ոչ ամբողջությամբ։

«Երևի 70-80 տոկոսը հնարավոր կլինի այսպես մաքրել, իրականում, բայց տենց թողնելն է սխալ, որովհետև դիմացը ձմեռ է, քանի որ դեպի ձմեռ ավելի լավ պետք է սնվեն, որ ավելի կարողանան դիմադրել ձմռանը։ Էս ձևով պետք է փորձել մի քիչ մաքրել, որ ավելի երկար կարողանան թռնեն և կեր հայթայթեն», - նշեց Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության հիմնադրամի ղեկավար Մանուկ Մանուկյանը։

Արագիլներին բռնելն այժմ բարդ գործ չէ, կամավորները ցանցով շրջափակում են, թռչուններն ուժ չունեն անգամ ոչ բարձր այդ արգելքը հաղթահարելու։

Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանն է հյուծված արագիլներին օրը երկու անգամ կերակրում, ասում է՝ թռչուններն արդեն սովորել են։ Նախկինում մարդկանց մոտիկ չէին թողնում, այժմ ստիպված են հավաքվել գյուղապետարանի մոտ՝ ձուկ ստանալու ակնկալիքով։

«Հիմնականում Կարաս տեսակի ձուկն է, սառեցրած ուղարկել է Երևանի կենդանաբանական այգին, կան էլի բարի մարդիկ, կազմակերպություններ, որոնք օգնում են, բոլորից շնորհակալ ենք, մեր համայնքի բնակիչներից էլ», - ասաց Մկրտչյանը։

«Ազատության» հարցին, թե անցած տարի այսպիսի բան եղե՞լ է, համայնքապետը պատասխանեց. «Որոշ չափով սևություն կար, բայց էս կարգի չէր»։

Այնուհետև արագիլներին եռաստիճան բաղնիք է՝ սպասվում. սկզբում քիմիական լուծույթով թասն է, ապա՝ օճառաջուրը, և վերջում արագիլների փետուրները պարզաջրվում են մաքուր ջրով։

Կամավորների խումբը համակարգում է «TSE Դեպի կայուն համակարգեր» հասարակական կազմակեպության ղեկավար և շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Աղաբաբյանը։ Ինքը՝ նախարար Էրիկ Գրիգորյանն, Արարատի մարզում բնապահպանական այս լուրջ ճգնաժամի մասին ահազանգից հետո երբևէ անձամբ չի այցելել տարածք։

Թե ինչո՞ւ նախարարն անձամբ չի գալիս, որպեսզի ուշադրությունը բևեռի այս խնդրի վրա, Աղաբաբյանը պատասխանեց. «Նախարարությունը բևեռում է ուշադրությունը այս խնդրի վրա և ոչ միայն իմ միջոցով է այս ամենը կազմակերպվում, այլ նաև որոշ չափով ֆինանսավորվում է։ Մեր բոլոր այսօրվա նյութերը գնված են ի շնորհիվ Բնապահպանության նախարարության»։

Ութ արագիլի փետուրներ կամավորների ջանքերով մաքրվեցին, մի քանի տասնյակ սևաթույր արագիլներ դեռ շարունակում են Հովտաշենի փողոցներով թափառել։ Աղտոտված արագիլների մասին ահազանգեր են ստացվում նաև Արարատի մարզի այլ բնակավայրերից։

Թե ո՞վ է մեղավոր այս վիճակի համար, դեռ հստակ չէ։ Կասկածը տարածքի ձկնաբուծարանների վրա է, որ ձկան զանգվածային մորթ են արել և թափոնները գետը լցրել։ Սակայն քննություն է պետք՝ իսկությունը պարզելու համար։

Բնապահպանական տեսչությունը Արարատի մարզի մի շարք համայնքներում արագիլների աղտոտման հետ կապված նյութերն արդեն ուղարկել է դատախազություն։ Այս շաբաթվա ընթացքում հավանաբար պարզ կլինի քերական գործ հարուցվելու է, թե ոչ։

Մինչ այդ գտնվել է այն հավանական վայրը, որտեղ արագիլներն աղտոտվել են՝ Սիսի ջրանցքն է, կամուրջին հարող հատվածը։ Այս վայրին մոտենալը շատ դժվար է, նեխած ձկան տարածված գարշահոտությանը բոլորը չի, որ դիմանում են։ Ուրբաթ օրը սկսել են մաքրել, սակայն ջրանցքի աղտոտված հատվածն այնքան մեծ է, որ մաքրության արդյունքը դժվար նկատելի էր։