Հրայր Թովմասյանի Վենետիկի հանձնաժողով դիմելը բավական կասկածելի գործընթաց է. Ռուստամ Բադասյան

Հրայր Թովմասյանի Վենետիկի հանձնաժողով դիմելը բավական կասկածելի գործընթաց է, այս մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ազատություն». – Դուք ասել եք, որ Սահմանադրական դատարանում տեսնում եք ճգնաժամ, խոսքը մասնավորապես ինչի՞ն է վերաբերում։

Բադասյան. – Ճգնաժամը առաջացել է այն ժամանակ, երբ որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակում է կատարվել բավականին կասկածելի հանգամանքներում, կասկածելի փաստակազմի առկայության պայմաններում, երբ որ պարոն Գագիկ Հարությունյանը իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց մոտ 20 օր առաջ հրաժարական է ներկայացրել և հին այդ դեռևս խմբագրությամբ Սահմանադրության պայմաններում ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, որով որ հաղթահարվել է նոր խմբագրությամբ Սահմանադրության կանոնակարգումն այն մասին, որ արդեն ժամկետով էր թե՛ Սահմանադրական դատարանի անդամը, թե՛ Սահմանադրական դատարանի նախագահին ընտրում էին որոշակի ժամկետով՝ վեց տարի ժամկետով, և ընտրվում էր Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նախագահը։

Սա ես որակում եմ որպես իրավունքի չարաշահում, այսինքն՝ օրենքը հնարավորություն ընձեռել է ձևական դա անելու, սակայն հարմարեցվել է փաստական հանգամանքներին։ Այսինքն՝ սա արվել է մեկ հոգու պաշտոնավարման ժամկետը ապահովելու համար։ Սահմանադրական դրույթը, որով պարոն Թովմասյանը ընտրվել է, բավական տարընկալումներ առաջացնող նորմ է։ Եթե թե՛ բովանդակային, թե՛ տառացի մեկնաբանությունը նայենք, Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել Սահմանադրությամբ իրենց լիազորված լիազորությունների ժամկետներում, բայց եթե նայենք Սահմանադրությունը և այդ պահին Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որևէ ժամկետ Սահմանադրական դատարանի նախագահի համար նախատեսված չի եղել։ Այսինքն՝ այստեղից մեկնաբանություն է գնում նաև մաքուր իրավական տեսանկյունից՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվել է հենց էն ժամկետներով, որի մասին մենք հիմա խոսում ենք և պաշտոնավարում է պարոն Թովմասյանը, որովհետև եթե Սահմանադրական դատարանի անդամների համար սահմանված է պաշտոնավարման ժամկետ, ապա նախագահի դեպքում՝ ոչ։

«Ազատություն». – Քաղաքական ճնշում չե՞ք որակում այն, ինչ որ ասում է ընդդիմությունը, որ քաղաքական հետապնդում կա Հրայր Թովմասյանի նկատմամբ։

Բադասյան. – Ոչ, որևէ կերպ ես քաղաքական ճնշում չեմ տեսնում։

«Ազատություն». – Վենետիկի հանձնաժողով դիմեց, ի՞նչ է ակնկալվում։

Բադասյան. – Բավական կասկածելի գործընթաց է։ Այսինքն՝ չեն սպասում Ազգային ժողովի կողմից պատասխանի, միգուցե Ազգային ժողովն ասում էր, որ ինքն էլ է տեսնում նման անհրաժեշտություն, միգուց ինքն էր առաջարկում որոշակի հարցադրումներ անել։

«Ազատություն». – Ի՞նչ պատասխան է ակնկալվում Վենետիկի հանձնաժողովից, պետք է խառնվի՞ Հայաստանի ներքին գործերին։

Բադասյան. – Հայաստանի ներքին գործերին խառնվելու կոնտեքստում ես չէի դիտարկի։ Ինձ համար պարզ չի՝ կա միջնորդություն, բայց չկա դիմումը, հետո հրապարակեցին, որ ինչ-որ հարցեր են առաջադրել, չգիտեմ, իմ համար անհասկանալի գործընթաց է, բավական տարօրինակ։