Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող էր կալանքից ազատ արձակվել գործով ծանր հոդվածով մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը:
«Անկեղծ ասած՝ այնպիսի մեղադրանքով է մեղադրվում, որ խափանման միջոց փոխելը ինձ համար էլ հասկանալի չէ: Ասել, թե վաղեմության խնդիր կա՝ էդքան էլ սպանությունով պիտի որ չլինի, մանավանդ, որ չգիտեմ՝ որ մասով կմեղադրվի, հետագա քննության ընթացքում ինչպիսի վերաորակումներ կլինեն: Ես չեմ կարող ասել, թե գործով անջատված մասով ինչ իրավիճակ է», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Սաֆարյանը: - «Ես, որպես տուժողի իրավահաջորդ, պետք է գնամ ծանոթանամ նաև մեղադրանքի որոշումը և մեղադրանքի որոշումից հետո կատարված որոշակի գործողություններին, ինչը օրենքով ինձ հասնում է՝ իրազեկվել նաև դրան», - հավելեց նա:
Երեկ երեկոյան «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կալանքից ազատ արձակված Գեղամ Պետրոսյանը շարունակում է պնդել՝ մեղադրանքը չի ընդունում։ 2008-ին ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որը մեղադրվում է Մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ, կալանքից ազատ արձակվեց գործը քննող ՀՔԾ որոշմամբ, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Պետրոսյանը բանտից դուրս եկավ բարձր տրամադրությամբ։
«Զրոյական մեղադրանք, ոչ մի բան էլ չկա», - հայտարարեց ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետը: «Ազատության» հարցին՝ այսինքն իրեն ներկայացված մեղադրանքը պետք է հանել, Գեղամ Պետրոսյանը պատասխանեց․ - «1 ամսվա ընթացքում խոստացել են հանեն, փակեն գործը»: Մեր ճշտող հարցին՝ ո՞վ է խոստացել, արձագանքեց՝ «պաշտպանս»:
2008-ի մարտյան իրադարձությունների 10 զոհերի մահվան գործով դեռևս մեղադրանք է առաջադրվել միայն Գեղամ Պետրոսյանին: Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում, թե ինչու միջնորդություն չներկայացրեց դատարան Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ և ինչու փոփոխեց ծանր՝ սպանության հոդվածով մեղադրվող բարձրաստիճան նախկին ոստիկանի խափանման միջոցը։ «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Վաղարշակ Գևորգյանն ասաց՝ խափանման միջոցի փոփոխման համար առիթ են հանդիսացել անցած երկու ամիսների ընթացքում կատարված երկու դատաձգաբանական փորձաքննությունները: Փաստաբանի պնդմամբ՝ մարտի 1-ի զոհ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանված գնդակը չի արձակվել Գեղամ Պետրոսյանին ամրակցված զենքից։
Զաքար Հովհաննիսյանը Փակ շուկայի տարածք էր գնացել ընկերոջը՝ Դավիթ Պետրոսյանին տուն բերելու համար: Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ։ Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը:
«Պարզվեց, որ դրանք տարբեր գնդակներ են և չէր կարող Գեղամ Պետրոսյանին ամրակցված հաշվեցուցակային ատրճանակից այդ գնդակը արձակված լինել», - մատնանշեց փաստաբան Վաղարշակ Գևորգյանը:
Բացի այս փորձաքննությունից, մեկ այլ փորձաքննություն էլ է կատարվել՝ այլ զոհերի մարմիններից հանված գնդակները ևս համեմատել են Պետրոսյանի զենքից արձակվածի հետ և եզրահանգել, որ դրանք ևս չեն արձակվել բարձրաստիճան ոստիկանին ամրակցված զենքից, ասում է Գևորգյանը:
Նախկին բարձրաստիճան ոստիկանի փաստաբանը չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է Պետրոսյանի քրեական հետապնդումը դադարեցվի․ - «Հիմա չի դադարեցնի, որովհետև եթե հիմա դադարեցնի, էստեղ բավականին ինչուներ կան, որոնց պատասխանները պիտի տան՝ բա ինչո՞ւ ձերբակալեցիք, բա ինչո՞ւ մեղադրանքն առաջադրեցիք, բա ինչո՞ւ էս չստուգեցիք»:
Ըստ փաստաբանի, դեռևս երկու ամիս առաջ՝ հունիսի 4-ին, Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էին առաջադրել մեկ վկայի՝ ենթասպա Ալեքսանդր Ղազարյանի ցուցմունքի հիման վրա։ Ղազարյանը 2008-ի մարտի 1-ին ծառայություն է իրականացրել մայրաքաղաքի Մաշտոց պողոտայի տարածքում։ Այս ցուցմունքից բացի, այլ ցուցմունքներ Պետրոսյանի դեմ չկան, շեշտում է փաստաբանը, հավելելով՝ Պետրոսյանը հրաժարվում է ցուցմունք տալ և որևէ փաստաթղթի տակ ստորագրել։
Վաղարշակ Գևորգյանը պնդեց՝ Գեղամ Պետրոսյանը մարտյան այդ իրադարձությունների ժամանակ առհասարակ կրակ չի արձակել։
«Ազատության» հարցին, բացառո՞ւմ է, որ Պետրոսյանը և այլ զինվորականներ և ոստիկաններ կարող էին կրակ արձակել ոչ թե իրենց ամրակցված զենքից, այլ ուրիշ զենքերից, փաստաբանը պատասխանեց. - «Ես նույնպես կարող եմ չբացառել, բայց երբ անձին կոնկրետ մեղադրանք են առաջադրում, այն էլ էդպիսի իրադրության մեջ, անկախ ամեն ինչից, թե ինչ խոսակցություններ կարող են լինել կամ ինչ ենթադրություններ, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է անձին ներկայացնել այն փաստական տվյալները, որոնք քիչ թե շատ հնարավորություն կտան կարծիք կազմելու, որ հնարավոր է, որ էս մարդն արած լինի»:
Արդյոք հնարավո՞ր է, որ Գեղամ Պետրոսյանը համագործակցում է նախաքննական մարմնի հետ և այդ պատճառով են նրան ազատ արձակել կալանքից, փաստաբանն ասում է. - «Գեղամ Պետրոսյանը այդպիսի տվյալներ չի հաղորդել: Առավել ևս, եթե հիմա իրենք մտածում են, որ Գեղամ Պետրոսյանը ունի տեղեկություններ, որոնք արժեքավոր կարող են լինել և որոնք իրենց համար ցանկալի կլիներ, որ Գեղամ Պետրոսյանը հայտներ, ես կարծում եմ, որ այդպիսի սպասելիքներ իրենք հիմա չեն կարող ունենալ»:
Սեդա Սաֆարյանը չի բացառում, որ մարտյան իրադարձությունների ժամանակ բարձրաստիճան նախկին զինվորականներն ու ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա ոչ թե իրենց ամրակցված, այլ ուրիշ զենքերից։ Սաֆարյանն ավելի վաղ ասել էր, որ ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը հեղափոխությունից հետո ցուցմունք է տվել, որ գործը քննող քննչական խմբի նախկին ղեկավար, Մարտի 1-ին գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի հետ ապացույցներ է կեղծել, փամփուշտներ փոխել: