Եվրամիությունը պահանջել է ազատ արձակել Մոսկվայում չարտոնված ցույցերի ընթացքում ձերբակալված հարյուրավոր մասնակիցներին:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոսիյանչիչը Բրյուսելում հայտարարել է, որ հավաքներ կազմակերպելու և կարծիք հայտնելու ազատությունը ժողովրդավարության հիմքերից մեկն է: «Անթույլատրելի է, երբ ընդդիմությանը փորձում են լռեցնել», - Թվիթերում գրել է Կոսիյանչիչը:
Այդ իրավիճակին է անդրադարձել նաև պաշտոնական Բեռլինը: Գերմանիան դատապարտել է Մոսկվայում ավելի քան հազար ընդդիմադիր ցուցարարների ձերբակալելու՝ Ռուսաստանի ոստիկանության գործելակերպը:
Գերմանիայի արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ «անհամաչափ ուժի դիմելով՝ Ռուսաստանը խախտել է ազատ և արդար ընտրություններ երաշխավորելու հարցով ստանձնած միջազգային պարտավորությունները»:
Ըստ անկախ դիտորդների, հուլիսի 3-ին Մոսկվայում իրավապահների կողմից ձերբակալվել է առնվազն 1001 մարդ, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ մոսկովյան ոստիկանությունը նմանօրինակ ցույցի ընթացքում ավելի քան 1300 ակտիվիստի է ձերբակալել:
Բեռլինը Ռուսաստանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:
Մոսկվայում մեծ թվով մարդկանց բերման ենթարկելու կապակցությամբ դատապարտող հայտարարություն է տարածել նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
«Չհիմնավորված պատճառաբանությամբ մարդկանց ձերբակալելը վերջին ժամանակաշրջանում դարձել է Կրեմլին բնորոշ գործելակերպ», - հայտարարել է Amnesty International-ը:
Մոսկվայում սեպտեմբերի 8-ին նախատեսված են քաղաքային դումայի ընտրությունները:
Բողոքի ցույցերը սկսվել են հուլիսին՝ այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովները հրաժարվել են գրանցել ընդդիմադիր թեկնածուների գերիշխող մեծամասնությանը: