Երեկ ԱՄՆ-ում տեղի է ունեցել երկու զագնվածային սպանություն: Տեխասի նահանգի Էլ Պասո ավանում զինյալը «Ուոլմարտ» խանութում կրակ է բացել հաճախորդների վրա: Սպանվել է 20 մարդ: Վիրավորվել է առնվազն 26 մարդ:
Մեքսիկայի սահմանին գտնվող Էլ Պասոյի բնակիչների մեծամասնությունն իսպանախոս է: Ըստ ոստիկանների, հարձակման պահին հանրախանութում եղել է մոտ 3 հազար մարդ՝ հիմնականում հարևան Մեքսիկայից:
Ենթադրվում է, որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել ատելության հողի վրա:
Հանցագործը հանձնվել է ոստիկաններին: Ըստ դեռևս պաշտոնապես չհաստատված լուրերի, այդ անձը 21-ամյա սպիտակամորթ Փերիք Քրուսիուսն է, Դալլաս քաղաքի արվարձան Ալլենից:
Այդ միջադեպից 16 ժամ հետո Օհայո նահանգում՝ Դեյթոնում, մի անձ 9-ը մարդ է սպանել: Առնվազն 16 մարդ վիրավորվել է: Ավելի ուշ դեպքի վայր հասած ոստիկանները ոչնչացրել են հարձակվողին:
Իսկ ընդամենն օրեր առաջ՝ հուլիսի 29-ին, Կալիֆորնիայում Սննդի փառատոնի օրը մի դեռահաս ինքնաձիքից 3 մարդ է գնդակահարել, ապա անձնասպան է եղել:
Այդօրինակ զանգվածային սպանդի դեպքեր շատ հաճախ են տեղի ունենում Միացյալ Նահանգներում և ամեն անգամ թեժացնում են զենքի հսկողության թեմայով հանրային քննարկումները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է հարձակումը Էլ Պասոյի խանութում և այն «ստորություն» է անվանել:
Նախկին փոխնախագահ Ջո Բայդենն, ով այսօր 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատների կողմից թեկնածու առաջադրվելու հավակնորդ է, նույնպես դատապարտել է գրոհը:
«Քանի՞ կյանք դեռ պետք է կորցնենք: Քանի՞ համայնքներ պետք է պառակտվեն: Մենք վաղուց պետք է գործի դիմեինք և վերջ տայինք այս բռնության վարակին»,- Թվիթերում գրել է Բայդենը: