Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ քիչ առաջ Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է գործարար, «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։
Երեկ Երևան ֊ Սևան ավտոճանապարհին «Արծվի» արձանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վնասվել էին Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները: Պայթյունից ժամեր անց Մելիք Մանուկյանի թիկնապահը նրա եղբոր ուղեկցությամբ, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, նստեց իրեղեն ապացույց հանդիսացող «Ռենջ Ռովեր» մեքենան և հեռացավ ոստիկանների կողմից արգելափակված տարածքից:
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մելիք Մանուկյանի թիկնապահը և եղբայրը։