Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ երեք անձ ձերբակալվել է

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի առթիվ հարուցված քրեական գործի կապակցությամբ երեք անձ ձերբակալվել է, «Ազատությանը» տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդված 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Հիշեցնենք՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետևանքով վնասվել են Patriot Nissan և Range Rover մակնիշների ավտոմեքենաները: