ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի:
Հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Էյ ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրինությունը դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ծովափնյա քաղաքներում հանգիստ կազմակերպելու պատրվակով 2019թ. սկզբից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին նաև ուղևորափոխադրել դեպի նշված հանգստի վայրեր:
Նախնական տվյալներով՝ հիշյալ տուրիստական գործակալությունը, չարաշահելով հաճախորդների և գործակալությունների ներկայացուցիչների վստահությունը, փաստացի ստացել է ուղևորությունը կազմակերպելու համար նախատեսված գումարները, սակայն դրանց զգալի մասը չի փոխանցվել իրենց հետ համագործակցող չարթերային ավիափոխադրում իրականացնող ընկերությանը՝ այդ կերպ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:
Քաղաքացիների ավիափոխադրումն իրականացրել է Հայաստանի կառավարությունը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերի խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել տուրօպերատորի գործունեության առնչությամբ։