ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը ԱԽ քարտուղարը կարևորել է Արցախին ամերիկյան օգնության շարունակականությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի, արխիվ

Անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունն է ներկայացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արման Գրիգորյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ Գրիգորյանը նաև անդրադարձել է Արցախում ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարևորությունը տեղի բնակչության համար։ Նա հատուկ ընդգծել է նաև Արցախին տրվող ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարևորությունը:

Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի հաղորդագրության համաձայն՝ դեսպան Թրեյսին նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորումը երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է, և ինքն ուրախ է, որ Արմեն Գրիգորյանի հետ հնարավորություն ունեցավ անդրադառնալու երկու երկրների հետագա համագործակցությանը այս ոլորտում:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: