Ստեփանակերտում հանրահավաքին ելույթ կունենա նաև Արցախի նախագահը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Արցախի նախագահ Բակո Սահակյան, հունիս, 2018թ․

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նույնպես ելույթ է ունենալու օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք միջոցառմանը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ Արցախի մայրաքաղաքի հրապարակում ելույթ է ունենալու երկուշաբթի օրը՝ Համահայկական խաղերի բացման նախօրեին: «Ընդհանուր առմամբ մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրում անելը և սրանից բխող հետևություններ անելը», - մասնավորապես ասել է նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ «այս միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել երկու հայկական պետությունների ղեկավարների պայմանավորվածության շնորհիվ»: Հանրահավաքին ելույթով հանդես են գալու Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը, «և, իհարկե, հիմնական շեշտը դրվելու է միասնականության վրա, որովհետև սա մեր ամենամեծ արժեքն է», - ասաց Արցախի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

«Ազատության» հարցին՝ «արդյո՞ք նպատակը վերջին շրջանում Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև եղած տարաձայնությունների շղարշը ցրելը չէ», Բաբայանն արձագանքեց․ - «Կարող է ինչ-որ խնդիրներ լինեին, և այլն, ինչը բնական է, բայց բոլորն էլ պարտավոր են պահպանել այդ միասնականությունը՝ անկախ ամեն ինչից, և՛ պաշտոնական Երևանը, և՛ պաշտոնական Ստեփանակերտը: Որովհետև սա քմահաճույք չէ, սա անձնական խնդիրներ չեն, սա պետության, ազգի առջև կայացած կարևոր հրամայականներից մեկն է, կարևորագույն՝ պահպանել միասնականությունը»:

«Մենք թշնամիներ չենք կարող լինենք: Եթե հայության տարբեր հատվածները թշնամանան մեկը մյուսի հետ, մեր պետությունը կործանվելու է, այս անգամ՝ երևի ընդմիշտ, իսկ դա թույլ տալ անթույլատրելի է», - շեշտեց արցախցի պաշտոնյան:

Հարցին էլ՝ «իսկ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, այնուհանդերձ, բաց չխոսվեց դրա մասին, Փաշինյանը ակնարկներ արեց, նախկին իշխանության, թշնամանք հրահրողների մասին խոսեց», Դավիթ Բաբայանն արձագանքեց․ - «Այս պահի դրությամբ, նորից որպեսզի շահարկումների չենթարկենք, որևէ խնդիր չկա, չի կարող լինել երկու հայկական պետությունների միջև, չի՛ կարող լինել: Հետևաբար, ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա, և նորից փորփրել, խոսել՝ ճիշտ չէ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր, մասնավորապես, թե նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել և տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա:

Օրերս էլ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է հայտարարել, թե պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև որոշակի խնդիրներ են եղել, որոնք արդեն անցյալում են: