Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավորների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը աղետյալ արագիլներին կա՛մ տեղում՝ Հովտաշենում է հետևում, կա՛մ կաբինետում նրանց լուսանկարներն է զննում:
Հովտաշենում ու հարևան գյուղերում արագիլները թռչել չեն կարողանում, դեգերում են գյուղի փողոցներում, քանի որ նրանց փետուրները ծածկված են յուղի հաստ շերտով։ Ահազանգը մոտ երկու շաբաթ առաջ մայրաքաղաք հասավ․ Բնապահպանական տեսչությունը լաբորատոր հետազոտություններ սկսեց թռչունների փետուրները, տարածքի ջրային հոսքերը, Հրազդան գետը ստուգելու նպատակով: Շաբաթներ անց ոչինչ էլ դեռ պարզ չէ, «կան կասկածներ»՝ ասում է տեսչական մարմնի ներկայացուցիչ Արթուր Բեգլարյանը:
«Մոտ 80 տոկոսով մենք հակված ենք որոշ տնտեսվարողների վրա, որ կարող է նրանց կողմից եղած լինի», - ասում է Բեգլարյանը:
Կա ենթադրություն, որ տարածքի ձկնաբուծարաններն են թափոններ լցրել գետը, իսկ գետի ջրերում սնունդ փնտրող արագիլները, ծածկվելով կեղտի շերտով, կորցրել են թռելու ունակությունը:
«Հոտից զգացի, որ դա կծված՝ կա՛մ բուսական, կա՛մ կենդանական յուղ ա: Էդ որ ժարիտ են անում ու մնում֊մնում ա՝ ճենջի հոտը ո՞նց ա», - նկարագրում է Մամիկոն Ղասաբյանը:
Արագիլներից երկուսը տեղափոխվել են կենդանաբանության ինստիտուտ, մեկին լողացրել են, մյուսը դեռ սև յուղի մեջ է։ Ղասաբյանն ասում է՝ նման յուղոտված փետրով թռչունը չի կարող թռչել:
Ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանն ասում է՝ շուտով արագիլին կլողացնեն: Այժմ հետևում են մյուսի՝ լողացածի վարքին՝ հո շեղումներ չկան: Արագիլներին այս յուղից մաքրելը հեշտ գործ չէ, ինստիտուտում տարբեր լուծույթներ են փորձարկել, արտերկրի գործընկներների հետ են կապ հաստատել: - «Թռչունը բռնելու ընթացքում էլ դու պիտի շատ զգույշ լինես, որպեսզի նույնիսկ այդ ջրի հոսանքը, որը բաց ես թողնում, այս փետրուրների կառուցվածքին հակառակ չգնա, որպեսզի չվնասի», - բացատրում է մասնագետը:
Կամավորների մի խումբ «Դեպի կայուն համակարգեր» կազմակերպության նախաձեռնությամբ այս կիրակի Հովտաշենում արագիլների բաղնիքը կրկնելու է, փորձում են կեղտից մաքրել նրանց, որպեսզի կարողանան թռչել։
Լյուբա Բալյանը նկատում է՝ արագիլների փրկության քայլերում պետության մասնակցությունը զրո է, այնինչ բնապահպանական աղետի ենթարկված փետրավորները շատ են և նրանց համակարգված օգնություն է պետք․ - «Պետությունը պետք է առնվազն կապ հաստատի մասնագետների հետ, որպեսզի իմանա ինչ կարելի է անել: Առայսօր որևէ արձագանք չենք ստացել, սա եղել է ուղղակի հասարակական հիմունքներով»:
Հայաստանը կենդանիների վերականգնողական կենտրոն չունի։ «Դեպի կայուն համակարգեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում դրամահավաք է սկսել՝ պետք է, օրինակ, Հովտաշեն մեկնելու վառելիք, արագիլներին լողացնելու համար թասեր։
Կենդանաբանները կասկած չունեն՝ արագիլների աղտոտման պատմությունը քրեական ընթացք պիտի ստանա. տարածքով հոսող Հրազդան գետը, որտեղից արագիլները կեր են հայթայթում, խեղդված է թափոններով։
«Զանգվածային այ սենց վիճակ գցելը թռչուններին՝ դա արդեն քրեական է», - ասում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավորների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը:
Օրենքը, սակայն, այլ բան է ասում՝ արագիլների գործը քրեական ընթացք կարող է ստանալ, եթե նրանք ոչնչանան, ոչ թե վնասվեն։ Մեկ սպանված արագիլի վնասի հատուցման սակագինը ընդամենը 1000 դրամ է, եթե չի սատկել՝ վնասվել է՝ 500 դրամ։
«Դա օրենքի բացն ա, ոչ մեկի մտքով չի անցել, որ Հայաստանում կարող է արագիլներին վնասեն ու դրա համար բարձր տուգանք նշանակեն: Օրինակ՝ մենք ունենք կովկասյան մայրահավ՝ գրանցված Կարմիր գրքում, որի տուգանքը 300 հազար դրամ ա», - ասում է Բնապահպանական տեսչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ նյութերն իրավապահներին ուղարկելու համար հիմքեր են պետք, այսինքն՝ գիտական հիմնավորում, որ այս սևացած արագիլների կյանքը վտանգված է:
«Մենք պետք է հիմնավորենք, որ առաջացնելու է կենդանիների՝ թռչունների զանգվածային ոչնչացում, որի հիման վրա քրեական գործ հարուցվի», - պարզաբանում է Արթուր Բեգլարյանը:
Կենդանաբանության ինստիտուտից Մամիկոն Ղասաբյանն ասում է՝ կեղտոտված հարյուրավոր արագիլների վիճակն անորոշ է։ Այդ կեղտը առանց հատուկ լուծույթներով լոգանքների չի անցնի, այդ կեղտով նրանք թռչել չեն կարող, կեր հայթայթել չեն կարող և ամենակարևորը՝ աշնանը Աֆրիկա չվել չեն կարող, իսկ եթե Հայաստանում ձմեռեն՝ այս վնասված փետուրներով ցրտից չեն փրկվի:
«Կարա՞ն Աֆրիկա թռչեն․․․ բա աղետ չի՞: Ես չեմ կարա ասեմ՝ ճանապարհին քանի հատ կսատկեն, ինչ կլինի իրանց հետ: Ճակատագիրը մշուշի մեջ ա», - ասում է Ղասաբյանը: