Թեղուտի հանքավայրի նախկին ու ներկա սեփականատերերը միմյանց հակասող հայտարարություններ են անում։ Երեք տարում հանքավայրից մոտ 20 միլիոն տոննա հանքաքար արդյունահանած «Վալլեքս» խումբը պնդում է, որ լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարում փլուզման վտանգ կա և այդ վտանգը չվերացնելու դեպքում հանքավայրը շահագործելը մեծ ռիսկեր ունի։
Մինչդեռ ՎՏԲ բանկի ենթակայությամբ գործող «Թեղուտ» ընկերության ներկայիս ղեկավարները 15 օր առաջ վերագործարկել են լեռնահարստացուցիչ ֆաբրիկան և պնդում են՝ պոչամբարում ոչ մի խնդիր չկա։
Դեռ այս ամսվա սկզբում՝ վերագործարկումից առաջ, «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն «Ազատության» հետ զրույցում ասել էր. - «Եթե ճեղք կա՝ դա պետք է լինի: Այն ոչ ոք չի տեսել, պարզապես չկա»:
Վերագործարկման օրը Թեղուտի հանքավայր էր այցելել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Ինչպես մարզպետը, այնպես էլ «Թեղուտ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանն «Ազատությանը» տված հարցազրույցում ասացին՝ կասկածներ ունեն, թե պոչամբարի փլուզման վտանգի մասին, ըստ նրանց՝ «կեղծ լուրերը» միտումնավոր են տարածվում։
Ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց՝ ունեն Տեխնիկական անվտանգության կենտրոնի դրական եզրակացությունը, բայց նախատեսում են հրավիրել նաև անկախ փորձագիտական ընկերություն՝ ունենալու ևս մեկ կարծիք․ - «Կփորձենք էդպես փարատել կամ հերքել էդ միֆերը կամ իլյուզիաները»:
«Մեկ֊երկու տարի մենք անընդհատ խոսում էինք այդ պրոբլեմի մասին, որ կա ճաք, բայց հիմա, ըստ էության, տեսնում ենք, որ չկա», - հավելեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Երեկ տարածած հայտարարության մեջ «Վալլեքս» խումբը նշել է, որ 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին միջազգային ճանաչում ունեցող երեք կազմակերպություններ ուսումնասիրել են պոչամբարի պատվարն ու եզրակացրել, որ «անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր իրականացնել Թեղուտի պոչամբարի պատվարի ամրացման և անվտանգության ապահովման ուղղությամբ», հակառակ դեպքում՝ «կոմբինատի շահագործումը կառաջացնի պատվարի ինքնափլուզման իրական վտանգ»։
Հիշեցնենք, Թեղուտի լեռնահանքային համալիրը դադարեցրեց աշխատանքը 2018 թվականի հունվարին։ Նախ շահագործող ընկերությունը հայտարարեց, որ պատճառն ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունն է, իսկ երկու ամիս անց, թե՝ պոչամբարում խնդիր կա և դադարը երկարատև կլինի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՎՏԲ բանկը «Վալլեքս» ընկերության՝ մոտ 400 միլիոն դոլարի չվճարված պարտքի դիմաց առգրավել է հանքն ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկան։
«Թեղուտ» ընկերության նոր ղեկավարները պատրաստվում են հայտարարություն տարածել՝ հիմնավորելու պոչամբարի անվտանգ լինելը։