Ամենանեղ վիճակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, նա պատրաստ է ամեն գնով պահպանել իր ունեցվածքը, սեփականությունը, փողերը և խուսափել պատասխանատվությունից: Այսպիսի հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդմանը:
Ստորև՝ հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Դուք խոսում եք Ռոբերտ Քոչարյանի մասին:
Արամ Մանուկյան․ - Ոչ միայն, ոչ միայն, հիմնականում՝ այո, որովհետև ամենանեղ վիճակում ինքն է, ամենաքիչ պաշտպանված ու ամենաքիչ աջակից ունեցող անձի մասին է խոսքը, և ինքը պատրաստ է ամեն գնով պահպանել իր ունեցվածքը, իր սեփականությունը, իր փողերը և խուսափել պատասխանատվությունից:
«Ազատություն»․ - Ամեն գնով՝ անգամ արյուն թափելո՞ւ գնով:
Մանուկյան․ - Ուրեմն, նախկին իշխանությունը, նախկին ռեժիմը և հատկապես Ձեր ասած անձնավորությունը պատրաստ է ամեն ինչի: Մենք գոնե տեսել ենք նրա կողմից ավերածությունները, տեսել ենք՝ իր իշխանության ժամանակ ինչեր է կատարվել, և հիմա էլ ինքը պատրաստ է ամեն ինչ անել՝ պահպանելու իր ունեցվածքը, իր ազդեցությունը և խուսափելու էն վիճակից, որի մեջ գտնվում է՝ զոհաբերելով ամեն ինչ: Ինքը ոնց որ էն ժամանակ էր զոհաբերում Հայաստանի սեփականությունը, Հայաստանի քաղաքացու իրավունքը՝ Հյուսիսային պողոտան Ձեզ որպես փաստ, Մարտի 1-երը Ձեզ փաստ, «Գույք՝ պարտքի դիմաց», ինչքան կարող ես ասել, հասարակությունը շատ լավ գիտի էս ամենը, և ինքը նույն փիլիսոփայությամբ, նույն կանոններով պատրաստ է ամեն ինչ անել՝ ջհանդամ Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ, մարդու իրավունքն էլ, պատրաստ է էդ մարդը դրան, և կան աջակիցներ, որոնք էդ խաղը սիրում են՝ շահագրգռվել, ոգևորվել, խաղալ․․․
«Ազատություն»․ - Գումարի դիմաց:
Մանուկյան․ - Ցանկացած բանի դիմաց, որովհետև, եթե, օրինակ, Հայաստանում 20 հոգի՝ անկախ, ազատ քաղաքացի, իր կամքով գնար պաշտպանելու՝ առանց պիցցայի, առանց փողի, ես կլինեի 21-րդը, բայց հավատացեք՝ իր ընտանիքից էն կողմ ինքը չունի աջակցություն, որովհետև Հայաստանի ամբողջ բնակչությունը, ամբողջ հայությունն է զգացել իր մաշկի վրա նրա ավերածությունները․․․ Ինչի՞ մասին է խոսքը, երբ մարդը 5-6 հոգի հրապարակում՝ ազնիվ, ազատ, սեփական կամքի համաձայն պաշտպանողներ չունի:
Վտանգ չի, բայց աղքատ երկրում կան լրատվամիջոցներ, որոնց թվում է, թե իրենց պետք է մտնել էդ խաղի մեջ՝ սեփական բարեկեցությունը ապահովելու համար, կան փաստաբաններ, կան դատավորներ, և սա արդեն ոչ թե անձի խնդիր է, այլ համակարգի խնդիր է, որը պետք է անհանգստացնի իշխանություններին: Դատական ռեֆորմը պետք է կատարված լինե՛ր, ոչ թե պետք է կատարվի: <...>
Էսպես է՝ ինչքան ուշացնեն՝ էնքան դժվար է լինելու, ինչքան դանդաղ է՝ էնքան հակահեղափոխությունը լեքսիկոնը փոխելու է: Եվ սա ոչ թե, ես իմ մտահոգությունն եմ արտահայտում, ոչ թե էս իշխանության խնդիրն է, այլ էս երկրի ճակատագիրն է, Հայաստանի անվտանգության խնդիրն է:
«Ազատություն»․ - Դուք հայտարարեցիք, ասացիք՝ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ամեն ինչի, ավերածությունների՝ ունեցվածքը, գումարը փրկելու համար: Կարծում եք՝ այն ուժերը, ովքեր սատարում են Ռոբերտ Քոչարյանին, չե՞ն տեսնում այս ամենը:
Մանուկյան․ - Շահագրգռվածությունը դաժան բան է, գիտե՞ք:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․