ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանի դեմ խափանման միջոց չի կիրառի. դատավորը կմնա ազատության մեջ

Դատավոր Դավիթ Գրիգորյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել, այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:

Ըստ այդմ՝ Գրիգորյանը կմնա ազատության մեջ:

Նա այսօր իր փաստաբանի միջոցով ֆեյսբուքում հայտարարություն է տարածել՝ ընդգծելով՝ չի ընդունում մեղադրանքը և որ իրեն առաջադրված մեղադրանքի ու հետապնդման մասին դեռ առիթներ կլինեն արտահայտվելու։ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իրեն սատարող փաստաբաններին աջակցության համար և դիմելով նրանց՝ գրել է՝ ձեր քայլն ուղղված է ոչ այնքան դատավոր Դավիթ Գրիգորյանին սատարելուն, որքան մեր հայրենիքում անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին ճնշումների ու հետապնդումների բացառմանը։

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորին երեկ երեկոյան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք հոդվածով։ Ըստ Գլխավոր դատախազության, դատավորը, անգամ դատարանի շենքում չլինելով, նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ թղթային արձանագրություններ է կազմել։

Դատավորի փաստաբան Երվանդ Վարոսյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց՝ դատավորը մեղադրանքը չի ընդունում։ Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանքի առաջադրման ժամանակ Դավիթ Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ասել է, որ տեղի ունեցածը պայմանավորում է իր նախորդ որոշումներով։

«Ազատության» հարցին՝ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին առնչվող որոշումնե՞րը նկատի ունի, փաստաբան Վարոսյանը պատասխանեց. «Եթե ինձ եք հարցնում, ինձ համար ակնհայտ է, որ, այո, դա այդ գործով կայացրած որոշումների հետևանքն է»։

Երվանդ Վարոսյանը պնդում է՝ իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը վկայում են, որ պաշտոնեական կեղծիք տեղի չի ունեցել։ Անգամ կարգապահական վարույթ հարուցելու հարցն էլ չպետք է քննարկվի։ Պնդեց, որ բոլոր դատավորների մոտ էլ նման իրավիճակներ լինում են։

«Սա ախր սովորական երևույթ է, որը տարածված է բոլոր դատավորների մոտ, ինչի՞ մասին է խոսքը։ 209 հոդվածով քննվող բոլոր բողոքներով նման իրավիճակներ լինում են, երբ որ դատական նիստերը հետաձգվում են ու հետո կազմվում է արձանագրություն այն մասին, որ դատական նիստերը հետաձգվել են։ Տեսեք, էս իրավիճակում ի՞նչ է տեղի ունեցել՝ դատական նիստ իրականում չի տեղի ունեցել, որովհետև կողմերը ներկա չեն եղել, այն հետաձգվել է, և այդ մասին կազմվել է հետագայում արձանագրություն», - նշեց պաշտպանը։

Ըստ Վարոսյանի, ամիսներ առաջ նույն իրավապահները մերժել են քրեական գործ հարուցել Դավիթ Գրիգորյանի հետ կապված՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Հետո արդեն գլխավոր դատախազի որոշմամբ գործը վերաբացվել է, երբ նույն քաղաքացին կրկին բողոք է ներկայացրել։ Փաստաբանը շեշտում է՝ սա տեղի ունեցավ, երբ Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց Քոչարյանին կալանքից ազատ արձակելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին։

«Ազատության» հարցին՝ դատախազության մատնանշած դատական նիստն ի վերջո դատավորն անցկացրե՞լ է, փաստաբանը պատասխանեց. «Էս պահի դրությամբ մենք հատուկ էդ հարցը չենք կոնկրետացնում, և ես նաև իմ տարածած հայտարարության մեջ նշել էի հատուկ, որ ինչքան երկար վարույթ իրականացնող մարմինը այս մասով բարեխիղճ մոլորության մեջ գտնվի, այնքան ավելի լավ»։

Ինչ վերաբերում է դատախազության նշած այն հանգամանքին, որ նույն ժամին այլ նիստ է անցկացրել դատավորը, որի վերաբերյալ ևս կեղծ արձանագրություն է կազմվել, Վարոսյանն ասաց. «Երկու դատական նիստերի մասին արձանագրություններում ժամերը համընկել են, բնականաբար, աշխատակազմի կողմից մեխանիկական սխալի հետևանքով, ընդ որում, շատ կարևոր հանգամանք է, որ եթե կեղծիք կատարելու ցանկություն ունենար որևէ մեկը, հաստատ ժամերը կտարբերվեին»։

Դատախազությունը կտրականապես հերքում է, թե Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Քոչարյանի գործի հետ:

Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուց հետո տասնյակ փաստաբաններ հայտարարեցին, որ ստանձնում են նրա պաշտպանությունը։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ևս շեշտում է՝ ակնհայտ է՝ Գրիգորյանը ենթարկվում է հետապնդման և դատախազության միակ նպատակը Քոչարյանի գործը նրա ձեռքից վերցնելն է, քանի որ իշխանությունը նրա վրա ազդելու այլ տարբերակ չգտավ։ Այս ամենի նպատակն էլ հանրությանը իրական խնդիրներից շեղելն է։

«Ամեն քայլի գնում են, ընդհուպ մինչև ապօրինի փոփոխություններ և, իմ գնահատմամբ, առերևույթ հանցագործություն պարունակող գործողություններ են կատարում, որպեսզի սույն ջուր քրեական գործի քննություն ապահովվի», - նշեց Պողոսյանը։

Պողոսյանի պնդմամբ՝ դատավորին վերագրվող արարքում որևէ հանցագործության հատկանիշներ չկան։

«Բազմաթիվ են այդ գործողությունները, իրավապահ համակարգի ամենաստորին օղակից սկսած մինչև դատական համակարգը, որոնք որ իրավական հետևանք, ըստ էության, այդ գործողությունները չեն առաջացնում», - ընդգծեց Խաչատուրովի պատասխանը։

«Ազատության» հարցին՝ բայց խախտումնե՞ր են համարվում, Պողոսյանն արձագանքեց. «Ավելի մանրամասն պետք է ծանոթանամ, թե ժամանակագրությունը ինչպիսին է եղել, որ հասկանամ կարգապահական խախտում առկա է, առկա չէ»։

Հարցին էլ, իսկ թերացում համարվո՞ւմ է, Պողոսյանն արձագանքեց. «Միգուցե դա թերացում է»։

Միհրան Պողոսյանի ու նրա մյուս գործընկերների կարծիքը չեն կիսում, սակայն, այլ փաստաբաններ։ Արայիկ Պապիկյանը շեշտում է՝ Դավիթ Գրիգորյանը չի մարմնավորում արդարադատությունը։ Ժամանակին նա խախտումներ է թույլ տվել 2016-ին «Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանական գնդի գրավմանն օժանդակելու մեջ մեղադրվող Հաց Բերողին՝ Արթուր Սարգսյանին կալանավորելու հարցում։ 49-ամյա Սարգսյանը բանտում 25 օր հացադուլի մեջ էր, հետո կալանքից ազատ էր արձակվել և 10 օր անց մահացել։

Ըստ Պապիկյանի, դատավոր Դավիթ Գրիգորյանը նաև խախտումներ է արել Սյունիքի մարզում դատավոր աշխատած տարիներին՝ հօգուտ նախկին իշխանության ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի։

«Եթե լիներ այնպիսի դատավոր, որը կարող էր կրել այդ բարձր կոչումը, ենթադրաբար ես կմիանայի, ոչ թե խնդիրը կդնեի դատավորին աջակցելու հարցում, այլ այդ միջոցով արդարադատությանն աջակցելու», - ասաց Պապիկյանը։

Պապիկյանը կարծում է՝ դատավոր Գրիգորյանը խախտում է թույլ տվել, որը շատերն են թույլ տալիս, բայց դա պատճառ չէ՝ նրան ներելու համար։ - «Իրավապահ մարմինները մյուս այլ դեպքերով ևս պիտի այսպիսի սկզբունքայնություն դրսևորեն։ Եթե այդ սկզբունքայնությունը դրսևորվելու է միայն Դավիթ Գրիգորյանի առումով և որևէ մեկը նման գործողության համար այլևս չի պատժվելու, ապա հետագայում ես պնդելու եմ, որ իրապես սա պայմանավորված է Քոչարյանի գործի հետ կապված Դավիթ Գրիգորյանի վարքագծով։ Բայց այս պահին, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ դրանով պայմանավորվելը այս պահին շահարկման տեղիք է տալիս», - նշեց Պապիկյանը։