Հայ դատի հանձնախմբում հուսով են՝ 2020-ին ԱՄՆ աջակցությունը Հայաստանին կկազմի 85 մլն, Արցախին՝ 5 մլն դոլար

ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի անդամների ասուլիսը Երևանում, 31-ը հուլիսի, 2019 թ.

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբում հույս ունեն, որ 2020 թվականին Միացյալ Նահանգների օժանդակությունը Հայաստանին կկազմի 85 միլիոն դոլար, իսկ Արցախին՝ 5 միլիոն: Այս մասին այսօր Երևանում հրավիրած ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը:

«Արցախի վերաբերյալ կհուսանք 5 միլիոն, այդ աշխատանքը կտանինք, Հայաստանի վերաբերյալ արդեն կար 45 միլիոն, 40 միլիոն ալ, եթե այս օրենքը անցնի, ստորագրվի նախագահին կողմե, 40 միլիոն ևս կըլլա։ Բայց այն ալ ըսեմ, որ ասոնք հանգրվանային բաներ են։ Առաջ պետք է Ներկայացուցչական տունը անցնե, վերջը նախագահը ստորագրե, և այս նախագահ Թրամփի իշխանությունը, որ կա, ընդհանրապես աշխարհի չորս կողմը աջակցություն, որ հայտնված է անցյալին, ինքը կփորձե պակասեցնել ընդհանրապես։ Չուզեր Ամերիկան այդքան օգտակար ըլլա ուրիշ երկրներուն, նույնիսկ երկրներ, որոնք պատմականորեն շատ մեծ գումարներ ստացած են Ամերիկայեն», - նշեց Հովսեփյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այս մայիսին նշել էր, որ 2018 թվականի ֆինանսական տարվա համար, որը մեկնարկել էր 2017-ի հոկտեմբերին, Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել էր 26,7 միլիոն դոլար, 2019 թվականի ֆինանսական տարվա համար՝ 16 միլիոն:

«Նոր օրենք անցավ Կոնգրեսի Ներկայացուցչական տունի մեջ, այն ալ, քանի որ Ջեքի Սփիերը ասաց, որ ինքը ծագումով կես հայ է, 40 միլիոն դոլար ևս ավելցնելու Հայաստանի աջակցության գումարին վրա։ Արցախի համար ալ նաև կաշխատինք, այսինքն՝ Հայ դատի հանձնախումբը ընդհանրապես Ամերիկային մեջ, Վաշինգտոնի մեջ, այսինքն՝ ես կներկայացնեմ Արևմտյան Ամերիկայի շրջանը, բայց նաև անշուշտ Վաշինգտոնի մեջ ալ գործ կտանինք։ Ուրեմն Վաշինգտոնի մեջ միշտ մեր հարաբերությունները մշակելով, միշտ պահանջատեր ըլլալով, միշտ փորձելով առաջնահերթ ձևով օրակարգի վրա դնելով այս օգնության խնդիրը, և մինչև հիմա, կրնամ ըսել, որ Հայաստանի անկախությունեն ի վեր երկու բիլիոն, այսինքն՝ երկու միլիարդ դոլարեն ավելի Ամերիկան աջակցություն ցուցաբերած է դեպի Հայաստան, այն ալ՝ մեր աշխատանքի պատճառով, և Արցախին ալ 45 միլիոն դոլար, որ Արցախը միակ հանրապետությունն է, որ չէ ճանչված միջազգային գետնի վրա, որ ուղղակի Ամերիկայեն աջակցություն կստանա», - ընդգծեց Նորա Հովսեփյանը։