Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը, ըստ որի Արդարադատության նախարարությունը օգոստոսի առաջին տասնօրյակում պետք է ներկայացնի իրավական ակտ՝ տուժած անձանց աջակցության ձևի, չափի մասին:
Հունիսին խորհրդարանը միաձայն ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված օրինագիծը, ըստ որի աջակցություն կստանան Մարտի 1-ի տասը զոհերի իրավահաջորդները, իսկ միջին և ծանր վնասվածք ստացած քաղաքացիները աջակցությունից օգտվելու համար պետք է ներկայացնեն դատաբժշկակական փորձագետի եզրակացություն: Քննչական ծառայության տվյալներով, խոսքը 63 քաղաքացու մասին է: Օրենքը չի վերաբերում թեթև մարմնական վնասվածք ստացած անձանց: Նախատեսվում է աջակցություն տրամադրել նաև Մարտի 1-ին տուժած ոստիկաններին՝ բացի նրանցից, որոնք քրեական հետապնդման են ենթարկվել և չեն արդարացվել:
Աջակցության չափն ու կարգը սահմանելը օրենքը թողել էր Կառավարությանը: