Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով, տեղեկությունը «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Այսօր ավելի վաղ Դատախազությունը որոշ չակերտներ էր բացել՝ ինչու է քրեական գործ հարուցել դատավորի նկատմամբ: Ըստ իրավապահ մարմնի, փորձառու դատավորը անգամ դատարանի շենքում չլինելով նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ արձանագրություններ է կազմել։ Դատախազությունը կտրականապես հերքում է, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է նախկին նախագահի գործով:
«Ազատության» հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց՝ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Դավիթ Գրիգորյանը [ՀՔԾ-ում] համապատասխան արձանագրության մեջ իր դիտարկումները նշեց, ինքը հրաժարվեց ցուցմունք տալ, բնականաբար՝ իրեն մեղավոր չճանաչեց և հայտարարեց, որ ակնհայտ է, որ այս մեղադրանքը ուղղակի հետևանք է իր կողմից մեկ այլ գործով կայացրած երկու որոշումների»։
«Ազատության» հարցին՝ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշո՞ւմը, փաստաբանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ես չեմ հեղինակը մտքի, որ իմանամ՝ ինչ նկատի ունի: Եթե ինձ եք հարցնում, ինձ համար ակնհայտ է, որ, այո, դա այդ գործով կայացրած որոշումների հետևանքն է»։
Հարցին էլ, թե Դատախազության հայտարարության հետ կապված՝ դատավորն ի՞նչ է ասում, Վարոսյանն արձագանքեց. «Սա ասելիք չէ, ոչ մի պաշտոնական կեղծիքի շունչ այս մեղադրանքի բովանդակության մեջ չկար։ Առհասարակ հանցագործության մասին խոսելն ավելորդ է։ Ես համոզված եմ, որ անգամ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի հետ մենք գործ չունենք»։
Փաստաբանն ընդգծեց, որ ունի քրեական գործի փաստական հանգամանքները և կարող է հստակ ասել, որ «պաշտոնական կեղծիք տեղի չի ունեցել, առհասարակ հանցագործության մասին խոսելը ավելորդ է»։
«Կազմված արձանագրությունները լիովին համապատասխանում են իրականությանը, դրանք հիմնավորող ապացույցները մենք կներկայացնենք այն փուլում, որ փուլում որ կցանկանանք։ Այս պահին ինչու չենք ներկայացնում՝ այն պարզ պատճառով, որ մեզ համար ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինը ցանկություն չունի օբյեկտիվ քննություն կատարելու, և սա հետապնդում է», - նշեց Գրիգորյանի պաշտպանը։
Վարոսյանը պնդում է, որ անգամ դատախազության տարածած հաղորդագրությունում նշված փաստական հանգամանքներում իսկ «որևէ հանցագործության մասին խոսք չկա»։
Նա ընդգծեց, որ դեռ փետրվարին այս գործի հետ կապված նախաքննական մարմինը մերժել է քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության հիմքով։
«Այս առումով փետրվարին շատ ճիշտ որոշում է կայացրել վարույթ իրականացնող մարմինը, շատ ճիշտ որոշում է կայացրել Դատախազությունը, հետո այդ որոշումը բողոքարկվել է դատարան՝ շատ ճիշտ որոշում է կայացրել դատարանը, և այդ որոշումը մնացել է օրինական ուժի մեջ։ Որից հետո Ռոբերտ Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի կողմից կայացվել են հայտնի երկու որոշումները, և երեք օր անց ծնվել է այդ քրեական գործը: Ես չեմ կարծում, որ էս կապակցությամբ հավելյալ մեկնաբանությունների կարիք կա», - ասաց Վարոսյանը։
«Դատավորի այդ գործողության հետ կապված ժամանակին որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել, և ստացվում է՝ այս մեկ ամսվա ընթացքում գործը վերաբացվեց», - այս դիտարկմանը փաստաբանն արձագանքեց․ - «Մեկ ամսվա ընթացքում չէ՝ փետրվարից մինչև մայիս: Եթե հանկարծ Քոչարյանի գործով որոշումները կայացվեին ապրիլին, ապրիլին կվերաբացվեր, եթե մարտին կայացվեին, մարտին կվերաբացվեր»:
«Բողոքաբերը հանկարծակի նոր բողոք է գրել՝ նույն բողոքների քննության ընթացքի վերաբերյալ, և այս անգամ արդեն գլխավոր դատախազը վերացրել է փետրվարին կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ու հարուցել է քրեական գործ», - այսպես արձագանքեց Երվանդ Վարոսյանը «Ազատության» հարցին՝ արդյոք վերաբացվե՞լ է տվյալ գործը, թե՞ ի հայտ եկած նոր հանգամանք է նշվում: