Արցախի ԱԳ նախարարը Ավստրալիայում հանդիպել է Սենատի հանձնաժողովի նախագահի, Կանաչների կուսակցության առաջնորդի հետ

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Այսօր Կանբերայում՝ Ավստրալիայի դաշնային խորհրդարանում, Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրալական Սենատի անդամ, Կանաչների կուսակցության առաջնորդ Ռիչարդ Դի Նատալեի հետ։

Մայիլյանը բարձր է գնահատել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրենց ծրագրում ներառելու` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կանաչների կուսակցության՝ 2017 թվականի դեկտեմբերին ընդունված որոշումը։

Արցախի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Դի Նատալեն շնորհակալություն է հայտնել Մայիլյանին ընձեռված հնարավորության համար՝ առաջին ձեռքից տեղեկանալու Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Նա ընդգծել է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցության համար արտաքին քաղաքական ոլորտում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առաջմղումն առանցքային տեղ է զբաղեցնում։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության զարգացման գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, քննարկվել են այդ բնագավառում նոր հնարավորությունները։

Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ավստրալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող Ազատական կուսակցության անդամ Էրիկ Աբեթսի հետ։

Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ սենատոր Աբեթսի ջանքերը՝ կարևորելով նրա հետևողական դիրքորոշումը մարդկայնության դեմ հանցագործությունների դատապարտման և դրանց կրկնության կանխարգելման տեսանկյունից: Նախարարը զրուցակցին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և Արցախի իշխանությունների դիրքորոշումը՝ տարածաշրջանում վերջնական և տևական խաղաղության հաստատման շուրջ։

Մայիլյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության մակարդակով տարբեր երկրների հետ հաստատված հարաբերությունները:

Հուլիսի 30-ին նաև Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում Արցախի պատվիրակության պատվին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնությամբ պատգամավորներ Թրենտ Զիմերմանի և Ջոել Ֆիթցգիբոնի կողմից կազմակերպվել է ընդունելություն։ Միջոցառմանը մասնակցել են Դաշնային խորհրդարանի սենատորներ, պատգամավորներ, այդ թվում՝ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ութ մշտական հանձնաժողովների նախագահներ և նախարարներ։