Հրայր Թովմասյանը պետք է ընդունի կեղծիքը և արժանապատվորեն հեռանա․ Մարիա Կարապետյան

Իշխող «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պատասխանել է «Ազատության» հարցերին։ Ստորև ներկայացնում ենք զրույցի մի հատվածի վերծանումը, ինչպես նաև ամբողջական տեսագրությունը։

«Ազատություն»․ - Որպես կառավարող ուժի պատգամավոր բերեք մի համոզիչ փաստարկ, որ Դավիթ Գրիգորյանը չի պատժվում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար։

Կարապետյան․ - Շատ կարևոր է, որպեսզի այս ողջ գործընթացը հնարավորինս թափանցիկ և հասանելի լինի հանրության համար, որովհետև լավագույն գնահատականը դատական գործընթացների շուրջ՝ հանրության գնահատականն է և մեր գերնպատակը այն է, որպեսզի հանրության վստահությունը ձևավորվի դատական իշխանության նկատմամբ։ Այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ այն չկա։

Ես առանձին դատական գործի մասով, իհարկե, չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանություն տալ, բայց կարող եմ զուտ փաստել, որ Ձեր հարցը ինքնին ցույց է տալիս, որ ցանկացած պարագայում, ինչպիսի զարգացում էլ այս պահին ունենում ենք, դատական իշխանության շուրջ ձևավորված միջավայրի պատճառով այն վերագրվում է արտաքին ազդակներին, այլ ոչ թե ներքին իրավական գործընթացներին, և դա այն հիմնարար խնդիրն է, որի լուծմամբ մենք պետք է զբաղվենք առաջիկայում։

«Ազատություն»․ - Ոչ միայն դա, որովհետև մեղադրանքը առաջադրելու է մի դատախազ, որը հեղափոխությունից ընդամենը ամիսներ առաջ նույն ջանասիրությամբ ընդդիմադիրներին էր բանտեր ուղարկում՝ Գևորգ Սաֆարյան, Անդրիաս Ղուկասյան, Ժիրայր Սեֆիլյան և այլն։

Կարապետյան․ - Ունենք խնդիր ողջ իրավական համակարգի բոլոր դերակատարների հետ կապված և անպայման աշխատելու ենք, որպեսզի բոլոր դերակատարները իրենց լեգիտիմության շուրջ աշխատեն՝ վերականգնեն այդ լեգիտիմությունը և կարողանան համոզիչ լինել հասարակության առջև, ինչպես նաև այլ պետական դերակատարների առջև։

«Ազատություն»․ - Այնուամենայնիվ, Դուք կարո՞ղ եք բացառել, որ Դավիթ Գրիգորյանը չի պատժվում․ երկրում այսօր այն մթնոլորտն է, որ նա չի պատժվում։

Կարապետյան․ - Կարող եմ բացառել, որ նման քաղաքական հանգամանք չի կարող լինել՝ բացառվում է դա։ Իսկ գործի առանձին հանգամանքների շուրջ միայն ակնկալիք ունեմ՝ ինչպես քաղաքական գործիչ և քաղաքացի, որպեսզի հնարավորինս թափանցիկ լինի, որպեսզի համոզիչ լինի և նման կասկածներ ինչպես ես չունեմ, որպես կառավարող ուժի ներկայացուցիչ, այդպես էլ չունենա հանրությունը։

«Ազատություն»․ - Սահմանադրական դատարանին գալով՝ Ազգայն ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարել է, որ «Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, կինոն ավարտված է»։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք։

Կարապետյան․ - Միանշանակ համաձայն եմ իմ գործընկերոջ հետ։

«Ազատություն»․ - Հիմա տեսեք՝ ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության մի ճյուղի ուղիղ ճնշում մեկ այլ թևի նկատմամբ, այն էլ դա արվում է պատգամավորի շուրթերով, դրանից առաջ էլ՝ Ազգային ժողովի փոխնախագահի շուրթերով։

Կարապետյան․ - Միանշանակ ճնշում եղել է, և այդ ճնշումը եղել է այն ժամանակ, երբ Ազգային ժողովի պատգամավորը սպրդել է Սահմանադրական դատարան։ Այ, երբ Հրայր Թովմասյան պատգամավորը իր քաղաքական թիմը կարծես թե թողել է և անցել է Սահմանադրական դատարան, հենց այդ ժամանակ էլ եղել է այդ ճնշումը։

Ուրեմն չենք մոռանում, որ մենք մի փուլում էինք ապրում՝ 2018թ․ սկզբին և 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ որ Հայաստանը պատրաստվում էր ցմահ պաշտոնավարման․ ցմահ պետք է նախագահը դառնար վարչապետ, ցմահ Սահմանադրական դատարանի նախագահ պետք է ունենայինք, և առհասարակ՝ բոլորը պետք է պաշտոնավարեին ցմահ։

Հիմա՝ Սերժ Սարգսյանը արժանապատվություն ունեցավ և դադարեցրեց Հայաստանը այդ ավտորիտարիզմի ճանապարհին դնելը և մենք վերադարձել ենք ժողովրդավարության ճանապարհ։ Ես կարծում եմ՝ նույնը պետք է անի նաև Հրայր Թովմասյանը․ պետք է ընդունի, որ այդ ցմահ ծրագրավորված իր պաշտոնավարումը, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, եղել է այդ մեծ կեղծիքի մի մասը և այն անցումը, որը Հայաստանը պետք է ապրեր 2015-ից 2018թթ․ պետք է ավարտին հասցնի՝ արժանապատվորեն հեռանալով։

«Ազատություն»․ - Այսինքն՝ անցումային դրույթները, որոնցով կարգավորվում էր, որ ինքը կարող է մինչև 65 տարեկանը պաշտոնավարե՞լ․․․

Կարապետյան․ - Ոչ, անցումային դրույթները դա չէին ենթադրում։ Անցումային դրույթները ենթադրում էին անցում հին Սահմանադրական դատարանից դեպի նոր Սահմանադրական դատարան և այդ անցումը պետք է կատարվի որքան հնարավոր է արագ։ Անցումային դրույթները դրա համար են՝ ընդամենը շտկելու այդ փոփոխությունները։ Ես կարծում եմ, նաև պետք է Սահմանադրական դատարանի մյուս անդամները իրենց այսօրվա նախագահին հարցնեն՝ ինչի՞ բերումով է, որ ինքը իրենց նախագահն է, չէ՞ որ այսօրվա մեր Սահմանադրությունը պնդում է, որ պետք է դատարանի անդամներն ու դատավորները ընտրեին նախագահին և 6 տարի ժամկետով, մինչդեռ Հրայր Թովմասյանը որոշել է ցմահ պաշտոնավարել որպես նախագահ՝ խախտելով այսօրվա Սահմանադրական դատարանի մեր ցանկալի մոդելը, որը որ մենք ցանկանում ենք ունենալ, որը որ սահմանադիրն է ցանկացել ունենալ՝ այսինքն իր իսկ գրած Սահմանադրությանը հակասող իրադրություն է ստեղծել Սահմանադրական դատարանում և այդ իրավիճակը պետք է շտկել։ Լավ կլինի, որ նա արժանապատվորեն դուրս գա այս իրադրությունից, այլ ոչ թե նստի և սպասի, մինչև իր հետ ինչ-որ գործողություններ կկատարվեն։

«Ազատություն»․ - Ի՞նչ գործողություն։

Կարապետյան․ - Մեր կառավարող ուժը ամենևին կաշկանդված չէ՝ ժողովրդավարության ճանապարհով հասնելու արդարադատության կայացմանը և դատական անկախ իշխանության կայացմանը և մենք չենք բացառել ոչ մի ճանապարհ, ներառյալ նաև սահմանադրական փոփոխությունները։ Պարզապես այս պահի դրությամբ չենք ցանկանում, որպեսզի այդ փոփոխությունները լինեն սիտուատիվ՝ կոնկրետ իրավիճակի շուրջ։ Կցանկանայինք, որպեսզի ավելի հանդարտ, ամբողջական պատկեր լիներ, թե է՛լ ինչ ենք ցանկանում Սահմանադրության մեջ փոխել։

«Ազատություն»․ - Իսկ դուք ինչքա՞ն եք պատրաստվում սպասել։

Կարապետյան․ - Չեմ կարծում, որ շատ երկար հնարավոր է սպասել, որովհետև դատական իշխանության անկախությունը պետության սկզբնավորման շատ կարևոր փուլ է։ Ինչպես ունեցել ենք լեգիտիմ գործադիր իշխանություն, օրենսդիր, այնպես էլ դատական իշխանություն պետք է ունենանք։