Իրանն ակտիվացնելու է Արաքի ատոմակայանի ռեակտորը

Իրան - Արաքի ատոմակայանը, արխիվ

Իրանը հայտարարել է Արաքի միջուկային կայանում աշխատանքներն ակտիվացնելու մտադրության մասին:

Այդ մասին օրենսդիրներին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Արաքի ռեակտորն աշխատում է «ծանր ջրով», և դրա ակտիվացումը հակասում է Իրանի և միջազգային տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագրին:

«Ծանր ջրով» աշխատող ռեակտորները կարող են արտադրել պլուտոնիում, որը միջուկային ռումբի հիմնական բաղադրիչն է: Պլուտոնիումը ստանում են ուրանի ճառագայթման մեթոդով:

Սալեհին ասել է, որ Իրանն այսօրվա դրությամբ արդեն ունի 24 հազար կիլոգրամ հարստացված ուրան, ինչը բազմիցս գերազանցում է 2015 թվականի պայմանագրով սահմանված 300 կիլոգրամի շեմը:

Իրանը մայիսին հայտարարել է, որ ի պատասխան Միացյալ Նահանգների պատժամիջոցների՝ աստիճանաբար հրաժարվելու է 2015 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորություններից: