Ալեքսեյ Նավալնին հիվանդանոցից նորից կալանավայր է տեղափոխվել, այս մասին հայտնել է Նրա բժիշկ-ակնաբույժ Անաստասիա Վասիլևան՝ հավելելով, թե նման որոշման հետ համաձայն չէ, քանի որ հայտնի չէ, թե ինչի արդյունքում էր վատացել ընդդիմադիր գործչի առողջական վիճակը։
Վասիլևայի խոսքով՝ ընդդիմադիր գոչծիչն իրեն ավելի լավ է զգում ինտենսիվ բուժումից հետո, սակայն հիվանդանոցից նրան պետք չէր դուրս գրել։
Չարտոնված ցույցերին մասնակցելու կոչերի համար 30 օրվա կալանքի դատապարտված ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին երեկ հոսպիտալացվել է: Նրան տեղափոխել են Մոսկվայի թիվ 64 հիվանդանոց: Այս մասին առաջինը գրել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարնիշը՝ կիրակի օրը Թվիթերում:
Ընդդիմադիր գործչի մոտ ախտորոշվել է «սուր ալերգիկ դրսևորում»: Հետո հիվանդանոցի բժիշկներին վկայակոչելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Նավալնիի մոտ ախտորոշել են եղնջացան:
Նրա բժիշկ-ակնաբույժ Անաստասիա Վասիլևան, սակայն, հայտնել է, թե կասկածում է, որ Նավալնուն թունավորել են: Համենայն դեպս, ինչպես Վասիլևան է ասում, Նավալնու դեմքն այտուցվել է, աչքերը գրեթե չեն բացվում, կա լուրջ վտանգ աջ աչքի համար, և սա նման է քիմիական նյութի ազդեցության, այսինքն՝ թունավորման:
Նավալնու բժիշկները «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հայտնել են, որ մտադիր են եվրոպական մի որևէ կենտրոն ուղարկել նրա մազերն ու շապիկը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, և ինչու խցում, որտեղ Նավալնուց բացի ևս չորս մարդ կար, վատացել է միայն ընդդիմադիր գործչի առողջական վիճակը: Նրա բժիշկների պնդմամբ՝ Նավալնին երբեք չի ունեցել որևէ ալերգիա:
Երկու տարի առաջ, հիշեցնենք, Նավալնին արդեն հայտնվել էր նման իրավիճակում, վտանգ կար, որ նա կարող էր կորցնել աջ աչքը: Այն ժամանակ ընդդիմադիր գործչի վրա էին հարձակվել մարդիկ և հակաբորբոքային լուծույթով («զելյոնկա») վնասել նրա դեմքը:
Գիշերը թիվ 64 հիվանդանոցի մոտ հավաքվել էին լրագրողներ և Նավալնու աջակիցները: Ոստիկանությունը, սակայն, կոշտ ձևով ձերբակալել է մարդկանց:
Հիշեցնենք, անցած շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին Մոսկվայում անցկացվել է բազմամարդ բողոքի չարտոնված ակցիա, որի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 1300-ից ավելի քաղաքացիների: Նրանց մի մասը մինչ օրս կալանավորված է, իսկ համացանցում տարածվել են բազմաթիվ տեսագրություններ, որոնցում ոստիկանությունը պարզապես ծեծում է ցուցարարներին:
Այսօր հայտնի դարձավ, որ առնվազն մեկ ցուցարարի դեմ քրեական գործ է հարուցվել։
Արևմուտքը դատապարտել է ձերբակալությունները:
Ոստիկանության կոշտ գործելաոճից հետո ընդդիմադիր թեկնածուները, ում Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել որպես թեկնածուներ սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններին, հայտարարել են, որ բողոքի նոր ակցիա Մոսկվայում կլինի օգոստոսի 3-ին։