Թոմ Քաթինային Սուդանի լեռների հիվանդանոցում կփոխարինի գյումրեցի երիտասարդ բժիշկը

Սուդանի Նուբայի լեռների «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինային կփոխարինի Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի 36-ամյա բժիշկը։

Արսեն Մկրտչյանը Սուդանում երկու ամիս կանցկացնի, բժիշկը հրավերից անակնկալի էր եկել։

«Մի օր հերթապահության էի, երեկոյան Viber-ով գրեցին, որ սենց ինչ-որ բան կա, ու մեկ էլ զանգ եկավ, բավականին անակնկալի եկա, չէի սպասում։ Լավ, ինչի՞ ես, խի՞ ինձ ընտրեցիք, խի՞ տենց, դե՝ «ծանոթ ենք, լսել ենք Ձեր մասին ու դրա հետ կապված Ձեզ ընտրել ենք, կհամաձայնվե՞ք»։ Ես դե հլը մտածում էի, որովհետև անակնկալի եկա, մանավանդ լսելով Թոմ Քաթինայի փոխարեն, պիտի փոխարինեմ ամերիկացի աշխարհահռչակ բժշկի։ Ասեցի՝ համարյա 90 տոկոսով, սենց անակնկալի եկած համաձայնել եմ, բայց հլը չեմ կարա ինչ-որ բան, մեկ, երկու օր գոնե ժամանակ էլ տվեք, որ մի քիչ դուրս գամ էս վիճակից ու հասկանամ ինչ է կատարվում։ Արդեն առանց վարանելու միանգամից երկրորդ օրը զանգեցի, բա՝ համաձայն եմ, մարդասիրական առաքելությունը իմ տարերքն է, առանց դրա ես չեմ կարող, ու այդ առաջարկն էլ նենց բան է, որ պիտի ընդունեմ ու ընդունեցի», - ասաց Մկրտչյանը։

«Ազատության» հարցին, թե առաջարկը կոնկրետ ումի՞ց էր եկել, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Էս կազմակերպությունը, որ հիմնականում զբաղվում է «Ավրորա»-ի հետ համատեղ, CMMB ընկերությունն է, որից հետո Արմինե Բարխուդարյանի հետ կապը հաստատվեց, ու էդ առաջարկությունը ստացա»։

Ամերիկացի վիրաբույժ Թոմ Քաթինան 2017-ին ստացավ Հայոց ցեղասպանության ժառանգների անունից ի նշան երախտագիտության տրվող «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ 55-ամյա Քաթինան տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է, ով տարեկան 1000 վիրահատություն է իրականացրել և օրական ավելի քան 400 հիվանդի սպասարկել: Երկու ամսով բացակայության պատճառը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահի պարտականություններն են։ Պատերազմական իրավիճակում գտնվող Սուդանում բժիշկի առաքելությունը ևս վտանգի տակ է: Երիտասարդ բժիշկն ասում է՝ գիտի, թե ուր է գնում:

«Իհարկե, պատկերացնում եմ որոշակի, «Ավրորա» մրցանակաբաշխությունների ժամանակ արդեն տեսել ենք, լսել ենք, հետո մի ֆիլմ կա, գեղարվեստական ֆիլմ հենց Սուդանի Նուբա լեռների մասին արդեն նկարահանված, արդեն նայել էի, որոշակի տվյալներ ունեի՝ ինչ է կատարվում այնտեղ, բայց դա կապ չունի, երբ որ մարդիկ աչքերով նայում են քեզ, և դու կարող ես օգնել՝ դրանից այն կողմ ուրիշ զգացմունք չկա», - նշեց Մկրտչյանը։

Ի դեպ, բժիշկ Մկրտչյանին նմանեցնում են Քաթինային: Գուցե սա է ինչ-որ տեղ դեր խաղացել, որ հենց իրեն ընտրեն։

Հրազդանցի, բայց արդեն իրեն գյումրեցի համարող բժիշկ Մկրտչյանը 2,5 տարի է Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում է աշխատում: Անցած տարի ևս, երբ Քաթինան «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանում էր, նրան կրկին փոխարինում էին հայ բժիշկները։ Դա Քաթինայի պայմանն է եղել։