Մոսկվայում այսօր նախատեսված բողոքի ակցիաներին ընդառաջ ոստիկանությունը ուժեր է կուտակում

Ռուսաստան - Ոստիկանական ուժեր Մոսկվայում, 27-ը հուլիսի, 2019թ.

Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում այսօր նախատեսված բողոքի ակցիաներին ընդառաջ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում քաղաքի տարբեր հատվածներում:

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ կան արդեն ձերբակալվածներ, որոնց թվում է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը, մինչ այդ ընդդիմադիր գործչի բնակարանում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել: Մի խումբ ակտիվիստներ էլ բերման են ենթարկվել փողոցներից:

Մոտ վեց տասնյակ ընդդիմադիր գործիչների Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ. սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։

Բողոքի ակցիայից հետո Ռուսաստանի կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, թե պետք է նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները։