Վանաձորում կսկսի գործել «Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիան

Կանադահայ մեր հայրենակից, «Ագդել Արմենյան» հիմնադրամի նախագահ Վան Արմենյանի նախաձեռնությամբ մի քանի օր հետո` օգոստոսի 4-ից Վանաձորում կսկսի գործել «Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիան, որտեղ մինչև օգոստոսի 18-ը կհյուրընկալվեն երեք տասնյակ տաղանդաշատ պատանի երաժիշտներ՝ ամառային հանգիստը զուգակցելու վարպետության դասերի և համերգների հետ: Ակադեմիայի նախագահն է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ, ջութակահար Վան Արմենյանը, գեղարվեստական ղեկավարը՝ երիտասարդ, բայց արդեն ճանաչված դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Նարե Արղամանյանը:

Վան Արմենյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ «Զարթոնք» միջազգային երաժշտական ակադեմիայի նպատակը պատանի երաժիշտներին աջակցելն է, է՛լ ավելի զարգացնել նրանց տաղանդը: Ի դեպ, ընտրված են երաժշտական տարբեր ուղղություններ՝ դաշնամուր, վոկալ, ֆլեյտա, կամերային և ժողովրդական երաժշտական ուղղություններ:

«Մենք որոշեցինք այս ամառ նման ծրագիր անել, Նարե Արղամանյանի հետ էլ խոսեցինք, և միշտ էլ Նարեն էլ ուզում էր սկսել լուրջ ծրագիր Հայաստանում, ուր կարող ենք մեր տաղանդներին հենց Հայաստանում մատուցել միջազգային գիտելիքներ», - ասաց Վան Արմենյանը։

Երեխաների ընտրությունը կատարվել է մրցույթով, և ահա մրցույթը անցած պատանի երաժիշտներից է նաև 13-ամյա դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը, որը արդեն իսկ 5 տարեկանից է մասնակցում համերգների ու մրցույթների։ Արտակարգ երաժշտական ունակություններ ու բազմաթիվ միջազգային մրցանակներ ունի, ասում էր Վան Արմենյանն՝ ընդգծելով, որ լավագույն պատանիների համար իրենք ջանք չեն խնայելու, և իրենց ամենամեծ ցանկությունն է, հնարավորության դեպքում, արդեն հաջորդ տարվանից ավելի մեծ թվով պատանիների ընդգրկել միջազգային այս ակադեմիայում:

Ինքը՝ պատանի դաշնակահարուհին՝ Աիդա Ավանեսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց. «Օգոստոսի 4-ին գնում եմ Վանաձոր, «Զարթոնք» ակադեմիա, այնտեղ ամեն ինչը լինելու է երաժշտական, որոշ երեխաներ մի շաբաթով են գնում, իսկ ես 14 օրով եմ գնում։ 10 հոգի են լինելու. հինգը մնալու են 7 օր, հինգը՝ 14 օր։ Հիմնականում ակադեմիայի պես է լինելու ամեն ինչ, բայց՝ երաժշտական։ Վարպետության դասեր են լինելու, համերգներ են լինելու»։