«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջը հեղեղել է խոցելի խմբերին ուղղված ատելության և անհանդուրժողականության կոչերով, իսկ Ազգային ժողովը լուռ է, տարակուսում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ու հավելում՝ պատգամավորի վարքագիծը Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկան պետք է դառնար վաղուց:
«Նախ սկսենք նրանից, որ Գևորգ Պետրոսյանը առաջին անգամ չէ, որ նման վարքով աչքի է ընկնում, դեռևս ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության ժամանակահատվածում Գևորգ Պետրոսյանը աչքի էր ընկնում կնատյացության և ատելության խոսքի բռնկումներով, այժմ էլ շարունակում է նույն վարքագիծը։ Նմանատիպ իրավիճակներում, կարծում եմ, որ ամբողջովին տեղին է, որ որպեսզի Ազգային ժողովը Էթիկայի հանձնաժողով գումարի։ Իրականում մենք բազմիցս ենք նման հայտարարություններով հանդես եկել, հանրային հայտարարություններով ենք հանդես եկել, սակայն Ազգային ժողովը տարօրինակ պասիվություն է դրսևորում այդ կոչերին և մինչ այժմ դեռևս չի արձագանքել», - նշեց Հովհաննիսյանը։
Մասնավորապես, խոսքը նույնասեռականների նկատմամբ Գևորգ Պետրոսյանի ծայրահեղ դիրքորոշման մասին է: Պատգամավորն իր խոսքը լսարանին հասցնելու համար չի խնայում ոչ մի միջոց: Դիմում է ստեղծագործական տարբեր ժանրերի: Սեռական փոքրամասնություններին նվիրված վերջին գրառումը աքրոստիկոսի ձևաչափով է՝ վերնագրված «ԱՍՔ գոմիկներին»: Մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը կոչ է անում նույնասեռականներին «հեռանալ սուրբ օրրան երկրից, քանի որ հողը հայի նման ծանր բեռ չի տանի և եթե փորձեն նորից պրպտալ, րոպե դեռ չանցած՝ կդառնան սգյալ»:
Իրավապաշտպանի խոսքով՝ Գևորգ Պետրոսյանը կարող է այլ դիրքորոշում ունենալ, բայց նա հատել է խոսքի ազատության սահմանը:
«Դեմ լինել մարդիկ կարող են ցանկացած բանի, բայց դա պետք է արտահայտությունների տեսակետից լինի էթիկապես սահմանազատված և չվիրավորի, չնվաստացնի որևէ մեկի արժանապատվությունը։ Մենք ակնհայտորեն տեսնում ենք կոնկրետ թիրախավորված մոտեցում», - ընդգծեց Հովհաննիսյանը։
Գևորգ Պետրոսյանը Հայաստանում չէ, նրա հետ կապվել չհաջողվեց: Նրա կուսակից պատգամավոր Արման Աբովյանը փոխանցեց՝ «Բարգավաճ Հայաստանը» պահպանողական կուսակցություն է, պատգամավորի արժեհամակարգն այլ է, նրա վարքագծում արտառոց ոչինչ չկա:
«Ուսումնասիրեք պարոն Պետրոսյանի թե՛ ելույթները, թե՛ գրառումները, գեթ ոչ մեկի մեջ դուք ատելության խոսք չեք գտնի, այո, կոշտ քննադատություն կգտնեք և դա նորմալ է, որովհետև մենք պահպանողական կուսակցություն ենք և մեզ համար հայկական տեսլականը, հայկական ընտանիքը, եկեղեցին առաջին տեղում են», - ասաց Աբովյանը։
Այս թեմայով Գևորգ Պետրոսյանի ակտիվության պատճառը վերջին շրջանում բուռն քննարկվող Ստամբուլյան կոնվենցիան է: Թեև կոնվենցիայի վավերացման հարցը դեռ Ազգային ժողովի օրակարգում չէ, սակայն ընդդիմախոսները դեմ են դրա վավերացմանը, քանի որ այդպիսով պետությունը ստանձնում է բոլորի իրավունքների պաշտպանությունն անկախ գենդերային ինքնությունից և սեռական կողմնորոշումից: Արման Աբովյանը զարմացած է, որ Էթիկայի հանձնաժողով ձևավորելու և գործընկերոջ խոսքերը քննարկելու պահանջ կա:
«Նա քաղաքական գործիչ է և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործիչը, նամանավանդ պատգամավորը իրավունք ունի արտահայտել մտքերը։ Դուք չեք գտնի պարոն Պետրոսյանի մոտ ոչ մի միտք, որտեղ ինքը կոչ անի ֆիզիկական ինչ-որ բռնություն և այլն, և այլն։ Այստեղ շատ կարևոր բարոյական խնդիր է», - նշեց ԲՀԿ պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը իշխող ուժին էլ չի խնայել, դժգոհում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և հիշեցնում նրա կոշտ որակավորումը թիմակից պաշտոնյաների մասին:
«Իշխող ուժին ասել է, որ մարդիկ, որոնք ցնցոտիների մեջ էին վխտում ընդամենը որոշ ժամանակ առաջ, հիմա արդեն բարձրաստիճան պաշտոնյաներ են և ինչ-որ պարգևատրումներ են ստանում։ Ես, իհարկե, ընդունում եմ և հարգում եմ նրանց դիրքորոշումը իրենց պահպանողական և արժեքների նկատմամբ հարգանքի հարցում, համենայն դեպս խոսքի ազատությունը չնայած այն բանին, որ կարելի է ասել բացարձակ արժեք է, սակայն այն նույնպես ունի սահմաններ և պարզ է, որ խոսքի ազատությունը չի կարող ուղեկցվել այլ անձանց վիրավորելու, զրպարտելու և նրանց նկատմամբ ատելություն քարոզելու, անկախ նրանից, թե այդ անձինք որ խավին են պատկանում», - ընդգծեց Ջուլհակյանը։
Նույնասեռականների և առհասարակ մարդկանց մասին պատգամավորի վիրավորական բառապաշարը Ազգային ժողովում քննարկվելիք հարց կարող էր դառնալ, եթե Էթիկայի հանձնաժողովը լիներ ոչ թե ժամանակավոր, այլ մշտական, ասում է պատգամավորը:
Էթիկայի հանձնաժողով ձևավորելու հարցը պետք է քննարկվի լիագումար նիստում, այժմ հնարավոր չէ: Որպեսզի պատգամավորների վարքագծի քննարկումը ավելի դյուրին դառնա, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություներ են նախաձեռնելու, որով հանձնաժողովը կդառնա մշտական, և պատգամավորների վարքագիծը անմիջապես քննարկման առարկա կդառնա՝ առանց լրացուցիչ գործընթացների: