ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման վիճակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2015 թվականներին աշխատանքների կատարման կարգագիր ակտերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են մտցրել շուրջ 114 միլիոն 580 հազար դրամ անտառապատման, ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ` պետության համար առաջացնելով ծանր հետևանք:
Իսկ Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնատար անձինք 2012-2015 թվականներին չեն կատարել հրամանով և պայմանագրով իրենց վրա դրված վերահսկողության պարտականությունը:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքէջը, ուսումնասիրությունների արդյունքներով Դտախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրգործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 314-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական կեղծիքը, 315-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնական անփութությունը, որն առաջացրել է մարդու մահ և այլ ծանր հետևանքներ, հատկանիշներով։
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ թույլատրվել էր Լոռու մարզի գյուղական համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև վարչական սահմաններից դուրս գտնվող շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը: Իսկ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել էր հաստատել անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիր` դրանում նախատեսելով նաև հատված անտառային ծածկույթին համարժեք ծառատունկի իրականացում և նոր տնկված ծառերով տարածքը պահպանում և խնամում:
Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարների 2008 թվականի փետրվարի համատեղ հրամաններով կանոնակարգվել է անտառային ծածկույթի հատման, ինչպես նաև անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման գործընթացը: Որի շրջանակներում 2012 թվականի հուլիսի 27-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով ՊՈԱԿ-ը պարտավորվել է 2012-2015 թվականների ընթացքում 431.638.661 դրամի դիմաց 315 հա տարածքում կատարել ցանկապատման, անտառ-մշակույթների հիմնման՝ անտառապատման, անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի, խոտհունձի և լրացման աշխատանքներ:
Անտառապատման և խնամքի աշխատանքների կատարման վերահսկողությունը դրվել էր Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների /նախկին/ վրա:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից 2012-2015թթ. կազմած փաստաթղթերի համաձայն` ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ստուգվել են վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում Վանաձորի և Սպիտակի անտառպետությունների՝ ընդհանուր 132հա տարածք ընդգրկող երեք տարբեր հատվածներում 2012-2015թթ. ընթացքում կատարված սերմնաբուսակների տնկման, ցանկապատման և ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները, որոնք համարվել են կատարված և դրա դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին փոխանցվել է շուրջ 114.580.000 դրամ: Մինչդեռ, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018թ. սեպտեմբերի 4-ին և 2019թ. ապրիլի 9-ին իրականացված դիտարկում-ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ նշված տարածքներում տնկված ծառատեսակների զգալի մասը չի պահպանվել, մյուս մասն ամբողջությամբ չորացել է և մեծ քանակությամբ տնկարկներ վնասվել են տերևակեր վնասատուներով: Այդ հանգամանքները վկայում են, որ նշված տարածքներում պայմանագրով նախատեսված անտառապատման, ինչպես նաև անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները ընդհանրապես չեն կատարվել կամ կատարվել են մասնակի», - ասված է հաղորդագրությունում:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: